Tuesday 25 February 2014

15. ՄՈԳԵՐԻ ԳԱԼՈՒՍՏԸ

ՄԱՏԹ. Բ 1-12
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:

Երբ Յիսուս ծնուեց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, Հերովդէս արքայի օրով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ եւ ասացին.2«Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնուեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»։ 3Եւ երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ՝ եւ Երուսաղէմի ամբողջ ժողովուրդը։ 4Եւ հաւաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրէնսգէտներին՝ հարցրեց նրանց, թէ ո՞ւր պիտի ծնուի Քրիստոսը։ 5Եւ նրանք ասացին նրան. «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետեւ մարգարէի միջոցով այսպէս է գրուած. 6«Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»։ 7Այն ժամանակ Հերովդէսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը։ 8Եւ նրանց Բեթղեհէմ ուղարկելով՝ ասաց. «Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին եւ երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»։ 9Եւ նրանք երբ թագաւորից լսեցին այս, գնացին։ Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր մանուկն էր։ 10Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան։ 11Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս։ 12Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը։

Մոգերի գալուստը հայտնի իրողություն է և Հիսուսի ծննդյան վերաբերյալ  սքանչելի նշաններից մեկը, որի մասին պատմում է միայն Մատթեոսը, որ չի հիշում ծննդյան մյուս պարագաները, մինչդեռ Ղուկասը, որ բոլորից ավելի ընդարձակ է գրել Հիսուսի ծննդյան մասին, մոգերի մասին չի հիշատակում: Երկուսի պատմածներն իրար համաձայնեցնելու և շարադրելու վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնվել, բայց մենք՝ նախ պիտի իմանանք պատմությունը, և հետո ժամանակագրական խնդրի շուրջ հայտնենք մեր տեսությունը:

Հիսուսի ծննդյան օրերին, Հերովդեսի թագավորության ժամանակ, հանկարծ մի քանի մոգեր հասան Երուսաղեմ և սկսեցին հարցնել, թե՝ որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որի աստղը իրենք տեսան արևելքում, և եկան, որպեսզի իրենց հարգանքը մատուցեն:
Այս կապակցությամբ Երուսաղեմում փսփսուք և շփոթություն ընկավ, իսկ Հերովդեսն ամբողջովին այլայլվեց, և ինքն էլ սկսեց  օգնել մոգերին, որպեսզի իմանա Նորածնի տեղը. ոչ թե հարգանք ընծայելու, այլ՝ Նրան վերացնելու համար: Հերովդեսը ժողովի հրավիրեց հրեաների օրինականներին, գիտնականներին և գլխավոր քահանաներին, և հանձնարարեց, որ պրպտեն Սուրբ Գիրքը և գտնեն, թե որտեղ պետք է ծնվի խոստացյալ Մեսիան:
Ժողովն ուշադրությունը կենտրոնացրեց Մեսիայի մարգարեության վրա, որ վկայել էր Բեթղեհեմի մասին, ասելով, որ թեպետ այն Հուդայի քաղաքների մեջ փոքր է, բայց այնտեղից պիտի ծնվի Իսրայելի իշխանը. «Ի քէն ելցէ ինձ լինել իշխան Իսրայէլի» (Միք. Ե 2), կամ «Ի քէն ելցէ ինձ իշխան՝ որ հովուեսցէ զժողովուրդ իմ զԻսրայէլ» (Մատթեոս Բ 6): Համաձայն այս խոսքերի` հրեաների գիտնականներն ասացին Հերովդեսին, և Հերովդեսն էլ հայտնեց մոգերին, թե Բեթղեհեմի մեջ պետք է փնտրեն նորածին արքային: Խնդրեց նաև, որ տեղը գտնելիս իրեն լուր տան, որպեսզի ինքն էլ գնա և իր հարգանքն ընծայի:
Մոգերը ճանապարհ ընկան դեպի Բեթղեհեմ: Եվ ահա նորից տեսան այն լուսատուն, որը երևացել էր իրենց, և հետևելով լուսավորին՝ քայլեցին, մինչև որ այն հանգեց նորածնի ծնված տեղի վրա: Մոգերը մտան տուն և տեսան Նորածնին և մորը. երկրպագեցին և բացելով իրենց բերած ընծաների սնդուկները, նորածին արքային նվիրեցին ոսկի, կնդրուկ և զմուռս: Հասնելով իրենց նպատակին, պատրաստվեցին վերադառնալ, սակայն տեսիլքով հրաման ստացան չգնալ Երուսաղեմ և լուր տալ Հերովդեսին, որի միտքը չար էր, այլ Բեթղեհեմից բռնելով արևելքի ճանապարհը, վերադառնան իրենց երկիր: Այդպես էլ նրանք արեցին: Մոգերի Բեթղեհեմ հասնելը շատերը դնում են Հիսուսի ծնունդից մի քանի օր անց, և իբրև դրա հաստատություն, ներկայացնում են Լատին եկեղեցու տոների կարգը, որ դեկտեմբերի 25-ին տոնում է Ծնունդը, հունվարի 1-ին՝ թլպատությունը, հունվարի 6-ին՝ Հայտնության անվան տակ մոգերի գալուստը, և հունվարի 13-ին՝ Մկրտությունը: Սակայն այդ կարգը չի կարող փաստ լինել, քանի որ հայտնի է, որ հունվարի 6-ը Հիսուսի բոլոր հայտնությունների տոնն էր՝ ծնունդն էլ մեջը լինելով, և ոչ թե մոգերի գալստյան հիշատակը: Հետևաբար, մոգերի գալուստը ծնունդից 12 օր հետո դնելու համար լատին տոների շարակարգությունն իբրև փաստ օգտագործելը բավարար չէ:
Մենք այդ գալուստը դրեցինք ավելի ուշ՝ ծնունդի քառասունքից հետո: Մեր կարծիքը հիմնավորող փաստ ենք համարում նախ այն, որ մոգերի գալուստին և հետո նրանց՝ Երուսաղեմ չգնալուն հաջորդեց Հերովդեսի բարկությունն ու մանուկների կոտորածը: Եվ եթե քառասունքն արդեն կատարված չլիներ, ապա Երուսաղեմ գալը և քառասունք կատարելը անհնար կլիներ: Երկրորդ, պիտի ընդունենք, որ լուսատուն չերևաց Հիսուսի ծնունդից առաջ, քանի որ այդ դեպքում այն նշանակություն չէր ունենա: Արդ, եթե լուսատուն երևաց Հիսուսի ծնունդից հետո, ապա մինչև մոգերը տեսնեին, քննեին, ճանապարհ դուրս գային, հասնեին Երուսաղեմ, Հերովդեսից բացատրություն ստանային, և գնային Բեթղեհեմ, ապա 12 օրից էլ ավելի ժամանակ  էր հարկավոր, եթե ոչ երկու ամիս ժամանակահատված: Ուշագրավ է նաև Մատթեոսի պատմության մեջ հիշված մոգերի՝ «տուն» մտնելու պարագան «եւ իբրեւ մտին ի տուն», որով հայտնի է դառնում, թե Մարիամն ու Հովսեփը մնացել էին ոչ թե իջևանատան ախոռի մեջ, այլ մնալու համար տուն էին գտել և կիսով չափ գոնե տեղավորվել էին այնտեղ: Իսկապես, Ղուկասը գրում է, թե քառասունքի արարողությունից հետո վերադարձան Նազարեթ (Ղուկ. Բ 39), սակայն Ղուկասը չի խոսում մոգերի գալստյան և Եգիպտոս փախուստի մասին, այլ հիշում է վերջնական կերպով Նազարեթում բնակություն հաստատելու մասին, ինչ որ Մատթեոսն էլ է հաստատում Եգիպտոսից տունդարձի պատմության մեջ (Մատթ. Բ 23): Իսկ թե ինչո՞ւ ազգահամարի համար Բեղթեհեմ գալուց հետո անմիջապես Նազարեթ չդարձան, կարող ենք ասել, թե Հիսուսի ծնունդից հետո քառասունքը նույն տեղում կատարելը  թե´ օրինական էր և թե´ բնական: Քառասունքից հետո արդեն շատ չուշացավ մոգերի գալուստը ու Եգիպտոս փախուստը, որով Նազարեթ վերադառնալն արգելվեց: Մյուս կողմից՝ Մատթեոսը հիշում է, թե Եգիպտոսից հետ դառնալու ընթացքում վախեցան Հրեաստան գալ (Մատթ. Բ), որ ցույց է տալիս, թե նույն ընթացքում և դրանից առաջ Հովսեփն ու Մարիամը միտք ունեցան թողնել Նազարեթն ու Բեթղեհեմ հաստատվել, բայց չկարողացան իրենց այդ մտադրությունն իրագործել:
Մոգերի գալստան առիթով, հետաքրքիր է պարզել, թե ովքե՞ր էին և որտեղի՞ց եկան: Նախ և առաջ ասենք, որ Ավետարանում ոչինչ չկա այդ մասին: Միայն ասում է, թե Հրեաստանի արևելյան կողմից էին եկել, իսկ Հրեաստանի արևելքը կարող է տարածվել Եդոմի և Մովաբի երկրներից մինչև պարսիկների և հնդիկների կողմերը: Ավետարանը չի ասում նաև, թե կարող է նրանք իշխաններ լինեին: Իսկ ինչ որ տեսնում ենք այդ մասին պատկերների վրա, լոկ ավանդություն է՝ հիմնված սաղմոսի խոսքերի հիման վրա. «Թագաւորք Թարսսի եւ կղզեաց պատարագս մատուսցեն նմա. թագաւորք Արաբայ եւ Սաբայ պատարագս բերեցին նմա» (Սաղմ. ՀԱ 10): Մոգ անունը համեմատվեցին պարսից մոգի հետ, և Քրիստոսին փնտրող մոգերը կարծվեցին այդ կողմից: Ոմանք մոգ անունը նույնացրին Մոկք գավառի հետ, ուրիշներն էլ մտածեցին այլ բացատրություններ, որոնք, հավանական է, որ ավանդական չեն: Սրանցից առավել ճշմարտանման է այն, թե նրանք Հրեաստանի հարևան երկրներից եկած իմաստուններ էին, քիչ թե շատ տեղյակ հրեական մարգարեություններին:
Տեղից ավելի հաստատուն է նրանց անունների ավանդությունը. բոլոր եկեղեցիները համաձայն են երեք մոգերին ճանաչել Մելքոն, Գասպար և Բաղդասար անուններով, որոնց ոսկորները պահվում են Գերմանիայի Քյոլն քաղաքի հրաշակերտ մայր եկեղեցում, ուր փոխադրվել են 1162 թվականին, Իտալիայի Միլանո քաղաքից:
Մոգերի տված ընծաներին խորհրդավոր նշանակություն է տրվում, որովհետև ոսկին, որ ճոխության նշան է, ընծայված է իբրև թագավորի, կնդրուկը, որն անուշ խունկ է, ընծայված է իբրև Աստծո, զմուռսը, որ դառնահամ խեժ է, ընծայված է իբրև Փրկչի: Ուստի մոգերի ընծայաբերումը եղել է կատարյալ մի դավանության արտահայտություն, ճանաչելով Քրիստոս մանկանն իբրև երկնավոր թագավորի, իբրև Աստված և մարդու, և իբրև աշխարհի փրկչի՝ իր անձի զոհողությամբ:

Խնդրո առարկա է նաև մոգերին հայտնված լուսատուն: Արդյոք լոկ հրաշալիք էր, թե՞ բնական լուսավոր մի երևույթ, պարբերաբար երևացող գիսավոր մի մարմին, թե նոր հայտնվող մի լուսատու: Բոլոր կարծիքներն էլ ունեն իրենց պաշտպանները. քրիստոնյա աստղաբաշխերը նույնսիկ իրենց հաշվարկներով պաշտպանեցին իրական և երկնային լուսավոր մի երևույթի գոյությունը: Ոմանց կարծիքով Հիսուսի ծննդյան մոտավոր թվականին Լուսնթագ, Երևակ և Հրատ մոլորակների մերձեցումը  պետք է եղած լինի հենց այն հրաշալի աստղը, որը երևացել էր մոգերին: Մինչև անգամ կատարվածի մեջ բնական մի երևույթ գտնելու համար հիշատակություններ են բերվում չինական ավանդություններից: Մենք այս տեսությունների մեջ չենք մտնում, որովհետև Ավետարանի պատմության նպատակը ոչ թե բնական մի լուսավոր՝ այլ գերբնական մի երևույթ ցույց տալն է, որը վերաբերում է Քրիստոսի ծնունդին և ոչ թե հետևանք է երկնային բնական և պարբերական շարժումների:

No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...