Tuesday 11 February 2014

8. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ: ԿԱՐԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ

Հովհաննես Մկրտչի պաշտոնը

ՀՈՎՀ. Ա 6-14
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:

6Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս։ 7Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան։ 8Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին։ 9Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ։ 10Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ 11Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին։ 12Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան։ 13Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին։ 14Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ։

Զաքարիայի մարգարեական օրհնությունը հաստատում է նաև Հովհաննես Ավետարանիչը, ճշտելով Կարապետի կոչումն ու պաշտոնը: Զաքարիայի որդու ծնունդը այնքան հրաշալի եղավ, որ շատերի մտքում կարծիք ծագեց, թե միգուցե խոստացյալ Մեսիան նա լինի: Ավետարանիչն ուզում է հեռացնել այդ միտքը և հաստատել, թե պետք է տարբերել Վկայվածին Վկայություն Տվողից: Զաքարիայի Հովհաննեսը Լույս Մեսիան չէ, այլ Նրա առջևից եկող Կարապետը, Նրա մասին վկայողը, որ աշխարհ եկավ` այն աշխարհը, որն Ինքն ստեղծեց, բայց աշխարհը Նրան չճանաչեց: Մեսիան իր ընտրյալ ժողովրդի՝ Իսրայելի մեջ եկավ, բայց այս ժողովուրդը Նրան չընդունեց: Իսկ ովքեր ընդունեցին, նրանք Աստուծո որդի լինելու պատվին բարձրացան՝ որդիություն, որ բնական որդիության նման չէ: Բնական որդիությունը արյան կապվածությամբ, մարմնի խառնմամբ և մարդկային կամքով է լինում, իսկ այս գերբնական որդիությունը կատարվեց միայն Աստուծո կամքով, որովհետև Բանը, ում մասին արդեն պատմել էր Ավետարանիչը, մարմնացավ, մարդացավ, մարդկանց հետ բնակվեց, և Ինքն՝ Բանն, Որդին Աստված, դարձավ Մարդու Որդի, որով և մարդու որդիները բարձրացան` դառնալու Աստուծո որդիներ: Բայց, այսպիսով, ոչ թե Բանի Աստվածության փառքը նվազեց, որովհետև ինչպես ասում է Ավետարանիչը, մենք ամենքս տեսանք Նրա փառքը, իրոք որ Աստծու Որդու աստվածային փառքը՝ ըստ ինքյան ճշմարիտ և մեզ համար շնորհաբեր է:

Հովհաննես Մկրտչի մասին ընթերցիր նաև.

No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...