Thursday 20 February 2014

13. ՀԻՍՈՒՍԻ ԹԼՊԱՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԱՆՈՒՆԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՂՈՒԿ. Բ  21,
21Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատուեց, նրա անունը Յիսուս դրուեց, ինչպէս հրեշտակի կողմից կոչուել էր, երբ դեռ չէր յղացուել մօր որովայնում։ 

Մատթ. Ա 25
25Բայց նրա հետ չյարաբերուեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Յիսուս։ 

Աստված հրամայել էր Աբրահամին, որ նրա սերունդի բոլոր արուները ծնվելուց հետո` ութերորդ օրը թլպատվեին (Ծննդ. ԺԷ 12): Այդ կրկնեց նաև Մովսեսն իր օրենքների մեջ, թե մի մայր, որ արու զավակ է ծնում, յոթ օր պետք է պիղծ համարվի «եւ յաւուրն ութերորդի թլփատեսցէ զմարմին անթլփատութեան նորա» (Ղեւտ. ԺԲ 3): Թլպատության օրենքը խիստ էր և խախտողներին հրամայված էր մահվան դատապարտել. «արուն անթլփատ, որ ոչ թլփատեսցէ զմարմին անթլփատութեան իւրոյ յաւուր ութերորդի, սատակեսցի անձն այն յազգէ իւրմէ» (Ծննդ. ԺԷ 14): Թլպատությունը մի պարտականություն էր, որ կատարվում էր ընտանեկան շրջանակում` մերձավորների ներկայությամբ, առանց քահանայի պաշտոնավարության, և այդ դեպքում որոշվում էր նաև նորածնի անունը, ինչպես արդեն Կարապետի մասին խոսելիս հիշեցինք (§ 7):
            Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում եկվորներ էին. և Դավթի ցեղից թերևս կարողացել էին ճանաչել մի քանի մերձավորների և ազգականների, որոնք նրանց համար, հավանաբար, մի բնակության տեղ էին հոգացել, քանի որ իջևանատան ախոռի մեջ այլևս չէին մնում: Թլպատության արարողությունը կատարեցին շատ համեստ շրջանակում` լրացնելով օրինական պարտավորությունը:  Մարիամը, որ առաջինն էր ավետիսը ընդունել, և Հովսեփը, որ ստացել էր հրեշտակի խորհրդի հայտնությունը, հավանաբար կարող էին մտածել, որ սքանչելի Նորածնի վրա օրենքի պահանջները չէին կարող ծանրանալ, սակայն օրենքը զանցառելու  իրավունք չունեին, և նաև աստվածային կամքն էր պահանջում օրենքի գործադրությունը` օրինակով հաստատելու համար օրինապահության պատվիրանը:
Նորածնի անունը կոչվեց Հիսուս, որ թարգմանվում է Փրկիչ, որ նաև Հեսու և Հովսե անունների մյուս ձևն է: Ավետարանիչը,  Հիսուսի անվանակոչությունը իբրև հրեշտակի հանձնարարության համաձայն կատարված լինելը հիշելով, ուզում է ասել, որ Մարիամն ու Հովսեփը տեղյակ էին սքանչելի խորհրդին և գիտենալով համակերպվում էին օրենքի հրամաններին:

No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...