Tuesday 11 February 2014

9. ՄԱԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ։ ՀԻՍՈՒՍԻ ԱԶԳԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՏԹ. Ա 1-17
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:

Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու։ 2Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին. 3Յուդան ծնեց Փարեսին եւ Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին. 4Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. 5Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբէդին՝ Հռութից. Օբէդը ծնեց Յեսսէին. 6Յեսսէն ծնեց Դաւիթ արքային։ Դաւիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից. 7Սողոմոնը՝ Րոբովամին. 8Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Յոսափատին. Յոսափատը ծնեց Յորամին. Յորամը ծնեց Օզիային. 9Օզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային.10Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոսին. 11Ամոսը ծնեց Յոսիային. Յոսիան ծնեց Յեքոնիային եւ նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերութեան ժամանակ։ 12Բաբելոնում գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին. 13Սաղաթիէլը ծնեց Զորոբաբէլին. Զորոբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. 14Եղիակիմը ծնեց Ազորին. Ազորը ծնեց Սադոկին. Սադոկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին.15Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին.16Մատթանը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս։ 17Արդ, Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ։

Հիսուս Քրիստոսի աստվածային ծագման բացատրություններից հետո, սկսում են Նրա մարդկային ծագման բացատրությունները: Մատթեոսը, դեռևս Հիսուսի պատմությունը չմատուցած, ներկայացնում է Նրա ազգաբանությունը, որպեսզի հաստատի, թե Աբրահամի զավակից և Դավթի ցեղից եկող Մեսիան Նա´ է, և այս պատճառով Աբրահամից մինչև Հիսուս ծնունդների մի շարք է առաջ բերում, որտեղ հորից որդուն անցնելով՝ հասնում է մինչև Հիսուս Քրիստոս:
Ազգաբանության մի ցուցակ ունի նաև Ղուկասը՝ տարբեր ձևով կազմված, որովհետև Հիսուսից սկսելով դեպի ետ է գնում և որդուց հորը անցնելով հասնում է մինչև Աբրահամ, իսկ այդտեղից էլ գնում է մինչև Ադամ՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե Հիսուս Քրիստոս ճշմարիտ մարդ է՝ Ադամի սերունդից:
Որքան էլ մենք նպատակ ունենք հետևել լոկ պատմական և ոչ թե քննադատական ոճին, սակայն կարևոր ենք համարում երկու  ազգաբանությունների բաղդատելը, որովհետև այն ըստ էության մի պատմական բովանդակություն է, ամբողջացնողն է Հիսուսի պատմության: Արդ՝ թեպետև Մատթեոսն ու Ղուկասը հակառակ ուղղությամբ են քայլում՝ մեկը դեպի վերև, մյուսը դեպի ներքև, մենք Ղուկասի ցանկն էլ Մատթեոսի նման կվերածենք դեպի ներքև և նախապես երկու ցուցակները դեմ դիմաց շարելուց հետո կտանք անհրաժեշտ բացատրությունները տարբերությունների վերաբերյալ:
Երկու ազգաբանությունների պարզ ցուցակն իսկ ցույց է տալիս նրանց տարբերությունները, ինչը որ բազում դիտողությունների տեղիք է տվել: Մենք բավարարվում ենք հիշել գլխավորները և ամենահավանական լուծումներն առաջադրել:
Ղուկասն Ադամից վեր տալիս է նաև Աստծու անունը. «որ Ադամայն, որ Աստուծոյն», անշուշտ, առաջին մարդու աստվածաստեղծ լինելը ցույց տալու համար, որովհետև հնարավոր իսկ չէ կարծել, թե Ադամն այն կերպով է Աստծու որդին, ինչպես որ Սեթն է Ադամի որդին կամ Ենովսը Սեթի և մյուսները նույն կերպով: Ղուկասն ազգաբանական ցուցակ ունի նաև Աբրահամից մինչև Ադամ, որը չկա Մատթեոսի մոտ, և հետևաբար, համեմատելու կարիք չկա:
Աբրահամից մինչև Դավիթ երկու ցուցակներն էլ նման են իրար: Միայն մեր սովորական օրինակներում Ղուկասի ազգաբանությունը Եզրոմի և  Արամի միջև երկու անուն ավելի ունի «որ Ադմեայ, որ Առնեայն», որոնք հունական և լատինական բոլոր օրինակներում էլ չկան և հատուկ են մնում միայն մեր թարգմանությանը:
Սակայն մեկնիչները ենթադրում են, որ Քարեսից մինչև Նաասովն 430 տարվա ժամանակահատվածի համար միայն երեք միջանկյալ ծնունդ՝ Եզրոմ, Արամ, Ամինադաբ, շատ քիչ է, և մյուս երկու անունները ավանդությունից վերցված լինելով են դրված ու ոմանց կողմից զեղչվել են Ծննդոց գրքում չհիշվելու պատճառով:
Դավթից մինչև վերջ երկու ազգաբանությունները բոլորովին տարբեր են, որովհետև Մատթեոսը վերցնում է Դավթի Սողոմոն զավակի ճյուղը, իսկ Ղուկասը՝ Նաթան զավակի, որը նույնպես Բերսաբեից է ծնվել ( Ա ՄՆԱՑ. Գ 5):
Քանի որ տարբեր ճյուղերի անուններ են, հաշտեցնելու կարիք չի մնում, սակայն փնտրվում է այն պատճառը, թե ինչո՞ւ են դիմել տարբեր ճյուղերի: Սովորական դարձած մեկնություն է, թե Մատթեոսը Սողոմոնով է հասնում Հովսեփին, իսկ Ղուկասը Նաթանով իջնում է դեպի Մարիամ: Այս տեսակետը պաշտպանողների կարծիքով, «Որոց որպէս կարծէր որդի Յովսեփայ» խոսքը միջանկյալ և փակագծված է, իբրև թե Ղուկասը նուրբ կերպով ուզում է Հովսեփին դուրս թողնել: Արդեն որ Յակոբայն  անունն էլ հույն և լատին օրինակների մեջ չկա և առաջին անունը լինում է որ Հեղեայն: Արդ՝ Հեղի և Եղիակիմ և Հովակիմ անունները միևնույնն են, ինչպես որ Հուդիթի գրքում նույն Եղիակիմ քահանան կոչվում է նաև Հովակիմ (ՀՈՒԴԻԹԺԵ 5 և 9 ըստ լատին օրինակի):
Մեկ ուրիշ մեկնություն, որ ավելի ևս ընդհանրացել է հների մեջ ևս հաստատված է հին ավանդությամբ, ասում է, որ Մատթեոսի ազգաբանության համաձայն, Սողոմոնից սերած Մատթանը Հակոբ անունով զավակ ունեցավ Եսթա կնոջից, իսկ Մատթանի մահից հետո Եսթան ամուսնացավ Նաթանից սերած Մատաթի հետ, որից ծնվեց Հեղի անունով զավակը և Հակոբն ու Հեղին եղան համամայր եղբայրներ: Հեղին ամուսնանալով անզավակ մեռավ և իր համամայր Հակոբ եղբայրը, ըստ Մովսիսական օրենքի, պարտավորվեց վերցնել նրա կնոջը և իր մեռած Հեղի եղբորը  զավակ ու ժառանգ պարգևել ( Բ ՕՐ. ԻԵ 5): Այդ զավակը եղավ Հովսեփը՝ բնական զավակը Հակոբի և օրինական զավակը Հեղիի, բնական ճյուղով Սողոմոնից և օրինական ճյուղով  Նաթանից, բայց երկու կերպով էլ Դավթից և Աբրահամից սերված:
Իսկ Հովսեփի՝ Դավթի ցեղից լինելն արդյո՞ք  բավարար է Քրիստոսի՝ Դավթի ցեղից լինելը հաստատել, քանի որ Քրիստոս կույս մոր զավակ է և ոչ Հովսեփից: Այս խնդրի պատասխանը այն է, թե Քրիստոս օրինական տեսակետով  Հովսեփի զավակ ընդունվեց, որովհետև Հովսեփը Մարիամ օրինավոր ամուսինն էր և հայրության փաստը օրինավոր ամուսնությունն է, և կուսական ծննդյան հրաշքը չէր կարող խանգարել կենցաղային և օրինական ձևակերպություններին: Մյուս կողմից Մարիամը Հովակիմի միամոր աղջիկ զավակն էր և Մովսիսական օրենքով անհրաժեշտ էր, որ նույնիսկ իր հոր ցեղից և տնից մեկի հետ ամուսնանար, որպեսզի ժառանգությունը  ցեղից ցեղ չփոխանցվեր (ԹԻՎՔ. ԼԶ 8): Իսկ Հովակիմն ու Հովսեփը պետք էր, որ նույն ցեղից ու տնից լինեին, որպեսզի Հովակիմի միամոր աղջիկը կարողանար Հովսեփին կնության տրվել, որով և Հովակիմի՝ Դավթի ցեղից լինելն է հաստատվում:
Երկու ազգաբանությունների մեջ միայն Սաղաթիելի և Զորաբաբելի անուններն են, որ նույն հերթականությամբ և գրեթե մոտավոր ժամանակով համաձայնվում են իրար հետ: Արդյո՞ք դրանք միևնույն ծանոթ և Բաբելոնից վերադարձող Զորաբաբելն ու իր հայրն են, թե նույն անուններով տարբեր անձնավորություններ: Կարևոր չենք համարում երկար հետազոտել, որովհետև երկու անունները բավարար փաստ չեն ընծայում տարբեր ճյուղերով կազմված և հազար տարվա ազգաբանության լուծումը տալու համար:
Ուշադրության ավելի արժանի է ազգաբանության մեջ մտնող անունների թիվը: Մատթեոսը դիտել է տալիս, թե Աբրահամից Հիսուս երեք տասնչորսներ են կազմված՝ Աբրահամից Դավիթ, Դավթից Հեքոնիա և Հեքոնիայից՝ Հիսուս: Իրոք որ Աբրահամն ու Դավիթը մեջը լինելով առաջին տասնչորսը ճշտվում է: Երկրորդը, սկսելով Սողոմոնից, հասնում է մինչև Հեքոնիա, սակայն Հովրամից Ոզիա երեք անուն զանց է առնված: Մատթեոսը գրում է, թե «Յովրամ ծնաւ զՈզիա», սակայն  Սուրբ Գրքի սողոմոնյան ճյուղագրության մեջ, Հովրամի որդին Ոքոզիան է (Դ ԹԱԳ. Ը 24), Ոքոզիայի որդին՝ Հովասը (Դ ԹԱԳ. ԺԱ 2), Հովասի որդին՝ Ամասիան (Դ ԹԱԳ. ԺԴ 1), Ամասիայի որդին՝ Ոզիան (Բ ՄՆԱՑ. ԻԶ 1): Այսպիսի հայտնի փաստի վերաբերյալ մոռացություն կամ անգիտություն և ոչ էլ  ընդօրինակության զանցառություն չի ենթադրվում, քանի որ տասնչորսի հաշիվը կա: Հավանակագույն է կարծել, թե Մատթեոսի կողմից զանց են արված, որովհետև նախանձահույզ հրեաների մեջ սովորություն էր զանց առնել այդ երք անունները, ովքեր Աքաաբի և Հեզաբելի դստրերից էին սերվել և պիղծ էին նկատվում:
Երկրորդ և երրորդ տասնչորսերի մեջ Հեքոնիա անունը երկու անգամ է նշված, որով մեկը կամ մյուսը տասներեք է մնում, սակայն խնդիրը լուծվում է ընդունելով, որ երկու Հեքոնիաներ են եղել: Առաջինը Հովսիայի որդի Հեքոնիա կամ Եղիակիմ, և երկրորդը սույն Եղիակիմի որդի Հեքոնիա կամ Հովակիմ, ովքեր հաջորդեցին իրար (ԵՐԵՄ. ԻԲ 8) ու երկրորդը՝ Բաբելոն տարվեց (ԵՐԵՄ. ԻԸ 4), և Սաղաթիելը վերջինիս զավակն է (Բ ՄՆԱՑ. ԻԶ 1): Ըստ այսմ Հեքոնիաներից մեկին առաջին տասնչորսի մեջ դնելով և մյուսին՝ երկրորդ, թիվը ամբողջանում է:
Վերջին տասնչորս համար 538 տարվա հատվածը կա և թերևս տասնչորս ծնունդները քիչ են թվում, սակայն ուրիշ կողմից տրված անուններն անհնար է համեմատել: Ամեն առիթով տասնչորս թիվը խորհրդավոր կերպով վերցված է որպես կրկնակի յոթ, իսկ յոթ թիվը միշտ խորհրդավոր է եղել ամեն տեղ և ամեն ժամանակ: Ղուկասի ազգաբանությունն էլ յոթանասունյոթ անուն է պարունակում, որ նշանակում է տասնմեկ յոթնյակ, և այս էլ խորհրդավոր կերպով բաշխված՝ երեք յոթնյակ Ադամից մինչև Աբևահամ, երկու յոթնյակ՝ Աբրահամից մինչև Դավիթ, երեք յոթնյակ՝ Դավթից մինչև Զորաբաբել, և երեք յոթնյակ էլ Զորաբաբելից մինչև Հիսուս՝ թեպետ Ղուկասը Մատթեոսի նման չի ցանկացել ուշադրություն հրավիրել: Այսքանը բավարար է Հիսուսի ազգաբանության մասին, որ, ինչպես տեսանք, բավական խնդիրների առիթ է տվել Ավետարանների համաձայնության մեջ և մենք չէինք կարող բոլորովին լռությամբ անցնել:

No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...