Monday 9 June 2014

25. ՀԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:


ՄԱՏԹ. Գ. 13-17
13Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու։ 14Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»։ 15Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»։ Եւ ապա նրան թոյլ տուեց։ 16Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ։17Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»։ 
ՄԱՐԿ. Ա. 9-11
9Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում։ 10Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը՝ պատռուած, եւ Աստծու Հոգին, որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ։ 11Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»։
ՂՈՒԿ. Գ. 21-22
Եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսքով, որպէս աղաւնի իջաւ նրա վրայ. եւ երկնքից ձայն եկաւ, որ ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»։
Մոտ վեց ամիս էր, ինչ Հիսուս Հորդանանի եզերքներին Իր կարապետության պաշտոնն էր վարում: Լրանում էր Հռոմեական 779 և մեր թվականության 26-րդ տարվա առաջին կեսը: Լրանում էր նաև Հիսուսի երեսուներորդ տարին, որով և պիտի բացվեր Նրա հրապարակային կյանքի ասպարեզը: Հովհաննեսի ունեցած համբավը առիթ էր՝ պատրաստելու Հիսուսի հայտնությունը, որովհետև, Աստվածային նախախնամությամբ,  տնօրինական բոլոր պարագաները պետք է մարդկային կյանքի պահանջների հետ համաքայլ ընթանային: Իսկ Հիսուսի հայտնությունը պետք է սկսվեր աննշմարելի նախապատրաստություններով: Հիսուս, դուրս գալով Նազարեթից, Գալիլիայից անցնելով Սամարա և ապա հարավային Հրեաստան, հասավ Հորդանանի եզերքը՝ Բեթաբրայի կողմերը, ուր Հովհաննեսի կենտրոնն էր և որտեղ կատարվել էին Հին Օրինաց սքանչելիքները, այսինքն՝ երբ Հեսուն առաջնոդեց հրեաներին և չոր ոտքերով անցան Հորդանանը  (ՀԵՍ. Գ. 16), ինչպես նաև Եղիայի վերարկուի շնորհիվ գետի ջրերի երկու մասի բաժանվելը (Դ. ԹԱԳ. Բ. 8):