Sunday 9 February 2014

5. ՂՈՒԿԱՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ։ ՄԱՐԻԱՄԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՂՈՒԿԱՍ Ա. 39-56
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:

39Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց։ 41Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը։ 43Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։ 45Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»։ 

Գաբրիել հրեշտակապետի հաղորդած այն լուրը, թե Եղիսաբեթը ևս հղի է, ստիպեց Մարիամին անձամբ այցելել և շնորհավորել նրան: Նազարեթից եկավ Քեբրոն և ողջունեց իր մորաքեռորդուն:  Եղիսաբեթը երկնային զորությամբ իմացել էր Մարիամին տրված մեծ շնորհի մասին, ուստի օրհնեց թե´ նրան և թե´ նրա որովայնում եղող պտուղը: Մի հրաշալի երևույթ էլ պատահեց: Մայրերի փոխադարձ ուրախությանը մասնակից եղան նաև իրենց զավակները, որ դեռ լույս չէին տեսել: Վերջինս էլ Եկեղեցին բացատրում է հետևյալ կերպ՝ Հովհաննես Կարապետը որովայնից որովայն երկրպագող է: Այդ առիթով Մարիամն արտասանեց իր «Մեծացուսցէ» օրհներգությունը, որ երախտապարտ ու խոնարհամիտ իղձերով բարձրացնում է Աստվածային ողորմությունը և հայտարարում նրա սքանչելի կարողությունը:
«Մեծացուսցէ»-ն մի շարք նմանություններ ունի Սամվելի մոր՝ Աննայի «Հաստատեցաւ» օրհնաբանության հետ (Ա. ԹԱԳ. 1-10), որն էլ ցույց է տալիս, թե Մարիամը կրթվել էր Տաճարի հովանու ներքո և քաջ գիտեր Սուրբ Գիրքը:
Մարիամը մոտ երեք ամիս հյուրընկալվեց Քեբրոնում, Զաքարիայի տանը և այնտեղից վերադարձավ Նազարեթ՝ հայրական տուն:


No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...