Sunday 2 March 2014

16. ԲԵԹՂԵՀԵՄԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Մատթ. Բ 16-18
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:

16Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում եւ նրա սահմաններում էին գտնւում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից։ 17Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. 18Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ եւ չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք այլեւս չկային։ 

Հերովդեսի բնիկ հրեա չլինելը, այլ եդովմայեցի, Անտիպատրոսի զավակ լինելը իրեն տարօրինակ գործերի էր մղում: Մոգերի բերած լուրը, թե ծնվել է խոստացված Մեսիան, իր կասկածը մեծացրեց,  և նա ուզեց ստուգել այդ իրողությունը: Քննել տվեց Ս. Գիրքը, մոգերին հանձնարարեց, որ իրեն լուր բերեն և ավետավոր լուսատուի երևալու ժամանակն էլ խնամքով ճշտել ուզեց: Իր կարծիքով, երբ որ մոգերը լուր բերեին, նորածնին ինչ-որ ձևով մեջտեղից վերացնելու կերպը կգտներ: Բայց արդյունքն այլ եղավ, որովհետև, ինչպես ասացինք (§ 15), նրանք առանց Երուսաղեմ մտնելու և լուր բերելու՝ իրենց երկիրը վերադարձան:
Հերովդեսը շփոթվեց և զայրացավ, որովհետև մտածեց, թե մոգերն իրեն խաբեցին, սակայն նորածնի Բեթղեհեմում գտնվելը ստուգվեց՝ թե´ մարգարեությունների մեկնությամբ և թե´ մոգերի այցելությամբ, որի լուրը իհարկե Հերովդեսին էլ հասավ: Այս դիպվածը Հերովդեսին իր նպատակն իրագործելուց ետ չկանգնեցրեց, և երբ սահմանված նորածնի վրա   ուղղակի ձեռք դնելու փորձը չհաջողվեց, նա իր ծրագիրը տարածեց Բեթղեհեմի բոլոր նորածինների վրա: Նա հրաման տվեց, որ Բեթղեհեմի և նրա շրջակայքում գտնվող բոլոր երկու տարեկանից փոքր տղաները սպանվեն, որպեսզի Քրիստոս էլ սպանված լինի նրանց հետ: Սպանության ձևը ցույց չի տրված, բայց առաքեաց կոտորեաց  բացատրությունը բավարար է ցույց տալու, թե զինվորներն ուղարկվեցին Երուսաղեմից և Բեթղեհեմում տնից տուն փնտրելով`հրամանն իրագործեցին:

Մինչև 2 տարեկանների վրա հրամանի տարածվելը չպետք է մտածել տա, թե միգուցե Հիսուս ավելի վաղ է ծնվել, մինչ մեր հաշվով երկու-երեք ամսական կարող էր լինել:  Հարցն այստեղ ապահով լինելն էր. ծծկեր և խանձարուրապատ տղաների օրն ու տարին որոշելն այնքան էլ հեշտ չէր, վիճակագրական զննություններին էլ չէր կարելի ուշադրություն դարձնել, հոգ չէր, որ մի քանի տղա ավելի սպանվեր, միայն թե սահմանված նորածինը  դուրս չմնար: Ավետարանի հիշելը, թե՝ այդ հրամայեց ըստ ժամանակին, զոր ստուգեաց ի մոգուցն, այսինքն՝ աստղի երևալու ժամանակ, և որ նշեց մինչև երկու տարեկանը, ժամանակագրական խիստ նշանակություն չէր կարող ունենալ:
Իսկ սպանված Անմեղ Մանուկների թիվը, մի քանի եկեղեցիների հայսմավուրքներում հասցնում են մինչև 144.000-ի, բայց ոչ պատմական ավանդությամբ, այլ միայն Հայտնության խոսքերի մեկնությունից ելնելով. «Եւ տեսի և ահա գառն կայր ի վերայ լերինն Սիոնի, և ընդ նմա հարիւր քառասուն և չորս հազարք, որ ունէին զանուն նորա» (Հայտ. ԺԴ, 1): Արդ, Բեթղեհեմի մանուկների Հիսուսի անունով և Հիսուսի տեղ սպանվելու համար սուրբ հայրերից ոմանք այդ հատվածը նրանց են վերագրել: Սակայն, 144.000 երկու տարեկանից փոքր երեխա գտնվելու համար, եթե վերցնենք սովորական հարաբերությամբ, որ 1000 հոգուն տարեցտարի միայն 30 նորածին է հաշվվում, որը երկու տարվա համար կկազմի 60, ապա Բեթղեհեմի և նրա շրջակայքի բնակչությունը պետք է լինի մոտ 3,5 միլիոն, մինչ Բեթղեհեմը ամեն տեղ հիշվում է որպես փոքրիկ և փոքրաթիվ, հազիվ 3000 բնակիչ ունեցող: Եթե անգամ այդ թիվը կրկնապատկենք, ապա դարձյալ շատ հեռու կլինի Հայտնության թվից: Այս համեմատությամբ կոտորված Անմեղները երկու հարյուրից ավելի չեն կարող լինել:
Բեթղեհեմի Անմեղ մանուկները տոնելի սրբեր են բոլոր եկեղեցիներում, իբրև Հիսուսի անվան վկայողներ և մարտիրոսներ: Որքան էլ որ այդ չհասունացած մանուկներն իրենց վրա կատարած գործողության գիտակցությունը չէին կարող ունենալ և որպես այդպիսին չէին կարող արդյունավոր սրբություն ստանալ, Եկեղեցին ուզել է հատուկ կերպով պատվել այդ անմեղ և սուրբ մանուկներին, որոնք Հիսուսի անվան համար առաջին վկաներն ու մարտիրոսները եղան:

Մատթեոս Ավետարանիչը, որ ամեն պարագայում հին մարգարեությունները Հիսուսին  պատշաճեցնելու միտում ունի, այստեղ էլ առաջ է բերում Երեմիայի խոսքերը. Ձայն գուժեաց ի Հռամայ, ողբումն և լալումն և աշխարհումն յոյժ, Ռաքէլ լայր զորդիս իւր, և ոչ կամէր մխիթարել զի ոչ էին, կամ թե Երեմիայի բնագրի համեմատ՝ Ձայն ի Հռամայ լսելի եղեւ, ողբումն և լալումն եւ գուժումն. Ռաքէլ լայր զորդիս իւր, և ոչ կամէր մխիթարել ի վերայ որդւոց իւրոյ՝ զի ոչ գոյին (Երեմ. ԼԱ 15): Ռաքելը՝ Հակոբի կինը, Եփրաթայի մոտ ծնեց իր վերջին զավակներին՝ Բենիամինին, և երկունքի ցավերից մեռնելով թաղուեցաւ ի ճանապարհին Եփրաթայ, այն իսկ է Բեթղեհէմ (Ծննդ. ԼԵ 19): Այս դեպքում Բեթղեհեմում կատարված բոլոր դեպքերը Ռաքելի ողբեր կոչվեցին և Ռաքելը Բեթղեհեմացի վշտակիր մայրերի օրինակը եղավ: Երեմիան իր մարգարեության մեջ խոսում է Բենիամինի ցեղի գերության մասին և Սուրբ Հայրերի տված մեկնության համաձայն, դրանում ակնարկված է Բեթղեհեմի մանուկների կոտորածի օրինակը, որը և Մատթեոսը գեղեցիկ ձևով Ռաքելի որդեծնության ցավը Բեթղեհեմի որդեկորույս մայրերի ցավի ու ողբի նախատիպն է ներկայացնում: 

No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...