Monday 9 June 2014

25. ՀԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:


ՄԱՏԹ. Գ. 13-17
13Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու։ 14Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»։ 15Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»։ Եւ ապա նրան թոյլ տուեց։ 16Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ։17Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»։ 
ՄԱՐԿ. Ա. 9-11
9Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում։ 10Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը՝ պատռուած, եւ Աստծու Հոգին, որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ։ 11Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»։
ՂՈՒԿ. Գ. 21-22
Եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսքով, որպէս աղաւնի իջաւ նրա վրայ. եւ երկնքից ձայն եկաւ, որ ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»։
Մոտ վեց ամիս էր, ինչ Հիսուս Հորդանանի եզերքներին Իր կարապետության պաշտոնն էր վարում: Լրանում էր Հռոմեական 779 և մեր թվականության 26-րդ տարվա առաջին կեսը: Լրանում էր նաև Հիսուսի երեսուներորդ տարին, որով և պիտի բացվեր Նրա հրապարակային կյանքի ասպարեզը: Հովհաննեսի ունեցած համբավը առիթ էր՝ պատրաստելու Հիսուսի հայտնությունը, որովհետև, Աստվածային նախախնամությամբ,  տնօրինական բոլոր պարագաները պետք է մարդկային կյանքի պահանջների հետ համաքայլ ընթանային: Իսկ Հիսուսի հայտնությունը պետք է սկսվեր աննշմարելի նախապատրաստություններով: Հիսուս, դուրս գալով Նազարեթից, Գալիլիայից անցնելով Սամարա և ապա հարավային Հրեաստան, հասավ Հորդանանի եզերքը՝ Բեթաբրայի կողմերը, ուր Հովհաննեսի կենտրոնն էր և որտեղ կատարվել էին Հին Օրինաց սքանչելիքները, այսինքն՝ երբ Հեսուն առաջնոդեց հրեաներին և չոր ոտքերով անցան Հորդանանը  (ՀԵՍ. Գ. 16), ինչպես նաև Եղիայի վերարկուի շնորհիվ գետի ջրերի երկու մասի բաժանվելը (Դ. ԹԱԳ. Բ. 8):

Monday 17 March 2014

24. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՄԱՏԹ. Գ. 11-12
1Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա, 12որի քամհարը իր ձեռքում է, եւ կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում եւ յարդը կ՚այրի անշէջ կրակով»։

ՄԱՐԿ. Ա. 7-8
 7Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար։ 8Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»։

ՂՈՒԿ. Գ. 15-18
15Ժողովուրդը սպասման մէջ էր, եւ բոլորն իրենց սրտում Յովհաննէսի մասին հարց էին տալիս, թէ՝ միթէ սա՞ է Քրիստոսը։ 16Նա պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից աւելի զօրաւորը, որի կօշիկները հանելու արժանի չեմ ես. նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով եւ հրով. 17նրա քամհարը իր ձեռքում է՝ մաքրելու իր կալը, հաւաքելու ցորենը իր շտեմարանում, իսկ յարդը կ՚այրի անշէջ կրակով»։ 18Նա շատ ուրիշ մխիթարիչ խօսքերով բարի լուրն էր աւետում ժողովրդին։


Հովհաննես Մկրտիչը կարճ ժամանակում մեծ համբավ ձեռք բերեց: Իր քարոզներն ունկնդրած և իր ձեռքով մկրտվածներն սփռվեցին ողջ Հրեաստանով մեկ: Նոր և մեծ երևույթը հուզեց ամենքին: Նրանք այլ բացատրություն չէին կարողանում տալ, բացի այն, որ Հովհաննեսն ինքն է խոստացյալ Մեսիան: Ակնկալված Մեսիայի մոտալուտ հայտնության համոզմունքը տիրել էր բոլորին, քանի որ ամենքին հայտնի էր Դանիելի մարգարեությունը և նրա յոթանասուն յոթնյակները (ԴԱՆ.Թ. 24): Մյուս կողմից, Հովհաննեսը` որպես անձնավորություն, իր ծննդից սկսյալ, հրաշալի արարքներ էր կատարել: Հետևաբար, հետզհետե ընդհանրանում էր Հովհաննեսի նկատմամբ դրսևորված կասկածը, թե «Մի՞թե Սա իցէ Քրիստոս»:

23. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՄԱՏԹ. Գ. 7-10
7Եւ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից։ 8Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք. 9եւ մի՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել. 10որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած։ Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում։

ՂՈՒԿ. Գ 7-14

7Եւ այն ժողովրդին, որ եկել էր իրենից մկրտուելու, ասում էր. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել բարկութիւնից, որ գալու է։8Այսուհետեւ ապաշխարութեան արժանի պտուղներ տուէ՛ք եւ մի՛ սկսէք ասել, թէ Աբրահամին ունենք իբրեւ հայր. այս ասեմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից անգամ դուրս բերել Աբրահամի որդիներ։ 9Բայց ահաւասիկ կացինը ծառերի արմատի վրայ է. ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում»։10Ժողովուրդը նրան հարցնում էր եւ ասում. «Իսկ արդ, ի՞նչ պիտի անենք»։ 11Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ով որ երկու զգեստ ունի, մէկը թող տայ նրան, որ չունի, եւ ով որ ուտելիք ունի, նոյն ձեւով թող անի»։ 12Մաքսաւորներն էլ եկան մկրտուելու եւ հարցրին նրան. «Վարդապե՛տ, մե՛նք ինչ անենք»։ 13Նա ասաց նրանց. «Ձեզ հրամայուածներից աւելին մի՛ վերցրէք»։ 14Զինուորները նոյնպէս հարցնում էին նրան. «Իսկ մե՛նք ինչ անենք»։ Նա ասաց նրանց. «Ոչ ոքի մի՛ նեղէք, ոչ ոքի մի՛ զրպարտէք, ձեր ռոճիկը թող ձեզ բաւարար լինի»։

Հովհաննեսի քարոզություններց, թե ինչպես էր զրուցում ժողովրդի կամ ինչ ոճով էր խոսում իրեն դիմողների հետ, մեզ քաղվածքներ են տալիս Ավետարանիչները: Սակայն ամեն ինչում դժվար չէ տեսնել այն խստակրոն անապատականին, որ ո՛չ հանդիմանություն էր խնայում  և ո՛չ էլ քաշվում էր կծու ճշմարտություններն ասելիս:

Friday 14 March 2014

22. ԱՎԵՏԱՐԱՆԻ ՍԿԻԶԲԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՄԱՏԹ. Գ. 1-3 և 5-6
1Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում. 2«Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 3Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները:

5Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, 6մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը։

ՄԱՐԿ. Ա 1-5
1Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը։ 2Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում. «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»։ 3Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»։ 4Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար։ 5Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը։

ՂՈՒԿ. Գ 1-6
1Տիբերիոս կայսեր իշխանութեան տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը կուսակալ էր Հրէաստանի, եւ Հերովդէսը՝ չորրորդապետ Գալիլիայի, եւ նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետ Իտուրացիների ու Տրաքոնացիների աշխարհի, Լիւսանիասը՝ չորրորդապետ Աբիլենէի, 2եւ Աննայի ու Կայիափայի քահանայապետութեան օրով, Աստծու խօսքը լսելի եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին անապատում։ 3Եւ նա եկաւ Յորդանանի կողմը ապաշխարութեան մկրտութիւն քարոզելու՝ մեղքերի թողութեան համար, 4ինչպէս գրուած է Եսայի մարգարէի պատգամների գրքում.«Անապատում կանչողի ձայնն է. պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, հարթեցէ՛ք Նրա շաւիղները:5Բոլոր ձորերը թո՛ղ լցուեն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհուեն, դժուարին ճանապարհները հեշտ թո՛ղ դառնան, առապարները`հարթ ճանապարհներ.6 եւ ամէն մարդ կտեսնի Աստծո փրկութիւնը»:

Մինչ այժմ եղած պատմությունները դիտվում են որպես Ավետարանի նախապատրաստություններ: Ավետարանի սկիզբը, ինչպես և Մարկոսն է գրում, սկսվում է այն տեղից, երբ Հովհաննեսը, ձեռնարկելով Ավետարանի կարապետության պաշտոնը, հնչեցնում է երկնքի արքայությանը հասնելու, խոստացյալ Մեսիայի հայտնության և փրկագործության խորհուրդն սկսելու ավետիսը: Այդ պաշտոնը կատարելու համար Հովհաննեսը թողեց Հուդայի անապատը և իջավ Հորդանանի եզերքները: Գետի հարավային մասում, Հորդանանի՝ Մեռյալ ծով  թափվելու տեղից բավականին հեռու, արևելյան եզերքին է գտնվում Բեթաբրա կամ Բեթաբարա կոչված գյուղը, որտեղ Հորդանանը մեկ այլ հուն է կազմում: Հովհաննեսն այնտեղ հաստատեց իր կենտրոնը և նորօրինակ քարոզչության սկիզբը դրեց: