Monday 10 February 2014

7. ՂՈՒԿԱՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ: ԿԱՐԱՊԵՏԻ ԾՆՈՒՆԴԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԾՆՈՒՆԴԸ

Ղուկ. Ա 57-79
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:

57 Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացաւ, եւ նա մի որդի ծնեց. 58 եւ նրա շուրջը գտնուողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տերն իր մեծ ողորմութիւնը ցոյց տուեց նրա հանդէպ, եւ ուրախանում էին նրա հետ:
59 Եւ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու. եւ նրան իր հօր անունով Զաքարիա էին կոչում: 60 Բայց նրա մայրը պատասխանեց եւ ասաց. «Ո՛չ, այլ Յովհաննէս պէտք է կոչուի»:  61 Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհմի մէջ չկայ մէկը, որի անունը Յովհաննէս լինի»: 62 Նշանացի ակնարկեցին նրա հօրը , թէ ի՛նչ կը կամենայ նրան կոչել: 63 Իսկ նա մի տախտակ ուզեց եւ վրան գրեց. «Դրա անունը Յովհաննէս է»: Եւ բոլորը զարմացան: 64 Եւ իսկոյն նրա բերանը բացուեց եւ նրա լեզուն` նոյնպէս.  եւ խօսում էր ու օրհնում Աստծուն: 65 Եւ ահ ընկաւ բոլորի մէջ, որ լսեցին այս, եւ նրանց մէջ, որ բնակւում էին նրանց շուրջը: Եւ Հրէաստանի ամբողջ լեռնակողմում այս բոլոր բաները պատմւում էին: 66 Եւ բոլոր լսողները պահում էին իրենց սրտերում այս ամէնը  եւ ասում էին. «Արդեօք ի՞նչ կը լինի այս մանուկը»: Եւ Տիրոջ  ձեռքը նրա հետ էր:
67 Զաքարիան` նրա հայրը, Սուրբ Հոգով լցուեց, մարգարեացաւ եւ ասաց.
68 «Օրնեալ է Իսրայէլի Տեր Աստուածը, որ այցի եկաւ մեզ եւ փրկութիւն բերեց իր ժողովրդին: 69 Եւ Իր ծառայ Դաւթի տնից մեզ համար մի հզօր Փրկիչ հանեց, 70 Ինչպէս որ խօսել էր սրբերի բերանով, որոնք հին դարերում նրա մարգարէներն էին. 71 փրկութիւն` մեր թշնամիներից եւ բոլոր մեր ատողների ձեռքից ` 72 ողորմութիւն անելու համար մեր հայրերին եւ յիշելու իր սուրբ ուխտը. 73 այն երդումը, որ արել էր մեր հօրը` Աբրահամին, 74 որպեսզի թշնամիների ձեռքից փրկուած` կարողանանք առանց երկիւղի ծառայել նրա առաջ, 75 սրբությամբ եւ արդարութեամբ, մեր կեանքի բոլոր օրերում: 76 Եւ Դու՛, Ո՛վ Մանուկ, Բարձրեալի մարգարէն պիտի կոչուես, որովհետեւ պիտի գնաս Տիրոջ առաջից` պատրաստելու նրա ճանապարհները, 77 տալու նրա ժողովրդին փրկութեան գիտութիւնը` նրանց մեղքերի թողութեան համար, 78 մեր Աստծու գթառատ ողորմութեան շնորհիւ, որով բարձունքից արեգակը մեզ կայցելի ծագելու նրանց վրայ, 79 որոնք նստած են խաւարի եւ մահուան ստուերների մէջ, ուղղելու մեր ոտքերը դէպի խաղաղութեան ճանապարհները»:

Երբ Նազարեթում Հիսուսի ծննդյան հետ կապված դեպքերն էին տեղի ունենում, այն կողմում` Քեբրոնում, Եղիսաբեթի հղության ինն ամիսն էր լրանումՀռոմի 749 թվականի հուլիսի սկզբին և ծնվում էր մի արու զավակ, որ բոլորի ուրախության պատճառն էր հանդիսանալու, որովհետև Աստծո ողորմությունը հայտնվել էր Զաքարիայի տան վրա:
  Ութերորդ օրը, թլփատվելու արարողության հետ պիտի կատարվեր նաև տղայի անվանակոչությունը, և ազգականներն ուզում էին նրան Զաքարիա կոչել` համր ու ծերունի Զաքարիային այլևս չեղած համարելով: Մայրն ուզում էր, որ Հովհաննես կոչվի, անշուշտ, Զաքարիայից գրով կամ նշանով իմացած լինելով Հրեշտակի հրամանի մասին: Վերջապես հորը դիմեցին, որ դեռ չէր խոսում: Գրելու տախտակ ուզեց և գրեց Հովհաննես անունը և գրելուն զուընթաց լեզուն էլ բացվեց ու խոսեց, և ամենքի ուրախությունը կրկնապատկվեց:

Զաքարիան նույն պահին մի գեղեցիկ օրհնաբանություն բարբառեց, որ սկսվում է Օրհնեալ Տեր Աստված  բառերով, որ նորածին երեխայի Մեսիային Կարապետ լինելը, խոստացյալ Փրկչի մոտալուտ հայտնությունն ու փրկագործության խորհրդի երկնային իրողությունն է բացատրում: Այս օրհնության մարգարեական հոգով խոսած լինելու պատճառով, Զաքարիան Հին Օրենքի մարգարեների լրումն է համարվում:

No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...