Tuesday 18 February 2014

12. ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ: ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

ՄԱՏԹ. Ա 25
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:

Բայց նրա հետ չյարաբերուեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Յիսուս։ 

Ավետարանում բնավ նշված չէ, թե Հիսուս որ տարին և որ ամսին ծնվեց, և ոչ էլ ամսվա կամ շաբաթվա օրը, այսուհանդերձ քրիստոնյաների միջև Հիսուսի ծննդյան օրվա շուրջ վիճաբանություններ եղել են, և ավելի շատ այդ վեճը լինում է մեր Հայ եկեղեցու հետ, որովհետև եթե Լատինները, Հույները և Ասորիները ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին և Աստվածահայտնությունը` հունվարի 6-ին, ապա մենք հունվարի 6-ին կատարում ենք Աստվածահայտնության տոնը, ընդգրկելով նրա մեջ նաև ծնունդը:

Շնորհալին Ալեքս իշխանին ներկայացրած «Հաւատոյ» գրի մեջ ձգտում է նույնիսկ Ավետարանով հաստատել` թե Հիսուս ծնվեց հունվարի 6-ին և ոչ թե դեկտեմբերի 25-ին, և ահա իր պատճառաբանությունը. Զաքարիա քահանայապետը Քավության տոնի առթիվ մտել էր տաճար խնկարկելու, որ համապատասխանում է հրեաների Թշրինի 10-ին, իսկ մեր` սեպտեմբերի 27-ին:
Զաքարիան տաճարից տուն չվերադարձած ավարտեց պաշտամունքի տասներկու օրերը, որոնք էին Քավության տոնի հինգ և Տաղավարաց տոնի յոթ օրերը: Ուրեմն` Եղիսաբեթի հղությունը եղավ հրեական Թշրինի 22-ին, իսկ մեր` հոկտեմբերի 9-ին: Իսկ Մարիամը ավետումը եղավ վեց ամիս հետո` ապրիլի 7-ին, և ծնունդը` հունվարի 6-ին:
Սակայն մենք չենք կարող պնդել վերոհիշյալ հաշվարկի ստուգությունը, քանի որ գլխավոր ենթադրությունն այն է, որ Զաքարիային ընդունում էր իբրև մեծ քահանայապետ, որին հատուկ է Քավության օրերին տաճարի մեջ պաշտոնավարելը, այնինչ, ըստ ավետարանի Զաքարիան պարզ քահանա էր` Աբիայի դասակարգից, և ոչ թե ավետարանի մեջ խմբով հիշատակված քահանայապետերի կարգից, որոնք լոկ դասակարգերի ավագ քահանաներն էին:
Շնորհալու հաշիվների վերաբերյալ հիմնական ենթադրությունը` դժվարության դեպքում այն ավետարանով հաստատելը, թերևս դժվար կլինի պնդել, մանավանդ, որ Թշրինը լուսնային ամիս է և չի համապատասխանում ամեն տարվա արեգակնային ամսվա նույն օրվան:
Նույնիսկ ավետարանի «Յամսեանն վեցերորդի» խոսքը ճշտությամբ օր օրի վեց ամիս հասկանալն ավանդական իմաստ ունի, եթե ոչ` վեցերորդ ամսվա մեջ կհասկացվի, և ոչ թե վեցերորդ ամիսը լրացած օրը: Ավետարանիչը չունի ճշգրիտ օրերով խոսելու ոճը, ինչպես, օրինակ, Մարիամի այցելության ժամանակի վերաբերյալ, իբրև «իբրև ամիսս երիս»  մոտավոր չափով է բացատրում և ոչ թե ճիշտ ամիսների թվով:
Հիսուսի տարիքի մասին էլ գրում է. «Էր ամաց իբրև երեսնից սկսեալ», և ինչքան էլ Շնորհալին այն բացատրում է «Էր ամաց իբրև երեսնից սկսեալ ի ծննդենէ անտի», այնուամենայնիվ ավետարանչի խոսքի` մոտավոր չափով գրված լինելը հայտնի է:
Հիսուսի ծննդյան տոնի առաջին դարում եկեղեցում չի կատարվել, և հազիվ սկսել է տոնվել երկրորդ դարում, իբրև երկրորդ քրիստոնեական տոն: Առաջինը Հարության տոնն էր, որ կատարվելով հրեական զատկի օրերին, հրեական զատիկը փոխարինեց քրիստոնեականով, և հրեական զատկի նման լուսնային հաշվով էր կատարվում, միացած` իրեն նախորդող չարչարանքների և հաջորդող պենտեկոստեի (հոգեգալստյան) օրերին: Իսկ երկրորդ տոնը պարունակում էր Քրիստոսի կյանքի առաջին տնօրինությունները, որոնց մեջ Քրիստոս հայտնվեց իբրև Օծյալ և Փրկիչ, ինչպես նաև Ավետումից մինչև մկրտություն և մինչև Կարապետի տված վկայությունները: Այս բոլորը «Աստուածայայտնութիւն» անվան ներքո մեկ տոն եղան. և հունվարի 6-ին նշվեցին, ոչ թե որևէ ավետարանական ժամանակագրության հետևելով, այլ պարզապես փոխանակելով նույն օրը կատարվող հեթանոսական տոնին: Ժամանակի ընթացքում Ավետումը և քառասնօրյա գալուստը զատվեցին, և հաշվելով դրվեցին հունվարի 6-ից ինն ամիս առաջ և քառասուն օրեր հետո:
Իսկ դեկտեմբերի 25-ը ավելի ցայտուն մեջտեղ ելավ, երբ Երուսաղեմում Բեթղեհեմի ուխտագնացությունը Հորդանանի ուխտագնացությունից առանձնացնելու անհրաժեշտություն առաջացավ, ինչպես նույն ինքը` Ոսկեբերան Հայրապետը  վկայում է, որ իր օրերից սկսած նորամուտ կարգադրություն է հունվարի 6-ի և դեկտեմբերի 25-ի բաժանումը:
Մեր նպատակը չէ խորամուխ լինել ծիսական խնդիրների մեջ, այլ բավական ենք համարում ասել, որ ավետարանը բոլորովին փաստ չի տալիս ծննդյան օրվա մասին, թե´ հունվարի 6-ի և թե´ դեկտեմբերի 25-ի խնդիրը պարզ պատահական ծագում ունի, իսկ հունվարի 6-ի տարբերակը ավելի նախնական է և հնավանդ: Այսուհանդերձ մենք էլ, գոնե իբրև ավանդական հիշատակ, սիրում ենք պահել Հռոմի 750 թվականի հունվարի 6-ը, որպես Հիսուսի ծննդյան թվական, և ըստ այնմ կազմել Հիսուսի կյանքի ժամանակագրությունը: Պետք չէ նաև մոռանալ, որ Հովսեփի և Մարիամի`  Նազարեթից ճամփորդելու պարագան, ոչխարների և հովիվների բացօթյա գիշերելու հիշատակությունը ցույց են տալիս այն հավանականությունը, որ դրանք տեղի են ունեցել հունվարի սկզբից կամ դեկտեմբերի վերջից տարբեր, մեղմ և գարնանային եղանակով ամսվա մեջ:
Եվ իրոք ամենահին ժամանակներում առկա` ապրիլի կամ մայիսի մեջ Ծննդյան տոնը կատարելու հիշատակությունը նույնպես այդ տեսությունն են հաստատում: Զաքարիայի ավետման պատմական պարագան` քավության տոնի հետ կապելու անհրաժեշտությունն էլ արդեն իսկ ավետարանից չի հետևում:

No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...