Sunday 2 March 2014

17. ՓԱԽՈՒՍՏ ԵԳԻՊՏՈՍ


ՄԱՏԹ. Բ 13-15 և 19-21
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:

Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանը եւ նրա մօրը ու փախի՛ր Եգիպտոս. եւ այնտեղ մնա՛ մինչեւ որ քեզ ասեմ. քանի որ Հերովդէսը փնտռում է այդ մանկանը կորստեան մատնելու համար»։14Եւ նա վեր կացաւ, առաւ մանկանն ու նրա մօրը, գիշերով, եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդէսի մահը, 15որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողմից ասուածը, թէ՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն։

19Երբ Հերովդէսը վախճանուեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին Եգիպտոսում եւ ասաց. 20«Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանն ու իր մօրը եւ վերադարձի՛ր Իսրայէլի երկիրը, որովհետեւ մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»։ 21Եւ Յովսէփը վեր կացաւ, առաւ մանկանն ու մօրը եւ եկաւ Իսրայէլի երկիրը։

Հերովդեսի գտած միջոցը չհասավ իր նպատակին, Բեթղեհեմի փոքրիկ տղաներն սպանվեցին, բայց նորածին Հիսուս ազատվեց: Երկնային նախախնամությունը, որ մարդեղության և փրկագործության խորհուրդներն էր կարգադրել, Հերովդեսի պաշտոնյաների՝ Բեթղեհեմ գալուց առաջ, հրեշտակի տեսիլքով հայտնեց Հովսեփին վերահաս վտանգի մասին և հրամայեց, որ նա վերցնի Հիսուսին և մորը, դուրս գա Բեթղեհեմից և Եգիպտոսի ճամփան բռնի, գնա այնտեղ և մնա, մինչև նոր հրաման ստանալը:

Շտապեց Հովսեփը և տեսիլքից անմիջապես հետո, գիշերով դուրս եկավ Բեթղեհեմից և Եգիպտոսի ճամփան բռնեց՝ Ելևթերուպոլիս և Գազա քաղաքներով: Ճամփորդությունը թե երկար էր և թե դժվարին, բավականին ժամանակ էր պահանջում, այնպես որ Հովսեփի համեստ վիճակը թույլ չէր տա այդ անել: Ավանդական պատկերները Հովսեփին, Մարիամի և Հիսուսի փոխադրության միջոց մի խեղճ իշուկ են ներկայացնում, որը շատ տաժանակիր և շատ երկար ճանապարհ կլիներ՝ մինչև Բեթղեհեմից հասնեին Եգիպտոս, թեպետ անապատով գնացին՝ քարավանների սովորական ուղիով:
Թե ինչքան ժամանակում հասան Եգիպտոս, որտեղ գիշերեցին, այնտեղ ինչքան ժամանակ մնացին, ինչ գլխավոր դեպքեր տեղի ունեցան՝ Ավետարանում չենք գտնում: Միայն Մատթեոսը իր սովորության համաձայն այդ ուղևորությանն էլ հարմարեցնում է մի մարգարեական պատգամ, հիշելով Ովսեի խոսքերը. յԵգիպտոսէ կոչեցից զորդի իմ: Եբրայերենն ունի. յԵգիպտոսէ կոչեցի զորդի իմ,  իսկ մեր թարգմանության ամբողջ համարն է՝ Քանզի տղայ էր Իսրայէլ, և ես զիրեցի զնա, և յԵգիպտոսէ կոչեցի զորդիս նորա  (Ովս. ԺԱ 1):
Այս պատգամում Իսրայելը Հիսուսի օրինակն է, ինչպես շատ ուրիշ մարգարեություններում, և Իսրայելի՝  Եգիպտոսից  Պաղեստին գալու օրինակը նախատիպն է Հիսուսի՝ Եգիպտոսից Հրեաստան գալու: Կահիրեի մոտ, Հելիոպոլիսի տեղում, այժմյան Մաթարիե ավանում, մինչև այսօր ցույց են տալիս մի ծառ, որի տակ, ասում են, հանգստացել են Մարիամն ու Հովսեփը՝ մանուկ Հիսուսի հետ:
Եգիպտոսից վերադառնալու հրամանը Հովսեփին տրվեց ի վախճանելն Հերովդի: Արդ, Հերովդեսը մեռավ Հռոմի նույն 450 թվականին, որի սկզբում Հիսուսն էր ծնվել, ուրեմն Հովսեփի, Մարիամի և Հիսուսի Եգիպտոսում պանդխտությունը երկար չի տևել: Ուրեմն, դեռ հիմնովին չտեղավորված, Հովսեփն ու Մարիամը նորից ձեռնարկեցին նույն երկար ու դժվարին ճանապարհը՝ մանուկ, գրկի երեխա Հիսուսի հետ: Հրեշտակային հրամանը հիշեցրեց,  որ Հերովդեսը մեռավ, հետևաբար արդեն Հրեաստանում ապրելու վախ չկար: Ըստ այնմ էլ, Հովսեփը նորից ուզեց Բեթղեհեմ գնալ, և իր նախնական և հայրենական քաղաքի մեջ մշտական բնակվել և իր քայլերն ուղղեց այնտեղ: Հազիվ էր հասել Հրեաստան, երբ իմացավ, որ Երուսաղեմում Հերովդեսին հաջորդել է իր զավակներից Արքեղայոսը, որը լավ համբավ չէր վայելում: Հովսեփը կասկածեց, որ կարող էր առաջինի նման մի նոր վտանգ էլ հասնել Հիսուսին, ուստի Հրեաստան չմտավ և Բեթղեհեմ չեկավ, այլ վերադարձավ իր առաջին բնակության տեղը՝ Գալիլիայի Նազարեթ քաղաքը:


No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...