Friday 14 March 2014

22. ԱՎԵՏԱՐԱՆԻ ՍԿԻԶԲԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՄԱՏԹ. Գ. 1-3 և 5-6
1Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում. 2«Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 3Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները:

5Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, 6մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը։

ՄԱՐԿ. Ա 1-5
1Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը։ 2Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում. «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»։ 3Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»։ 4Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար։ 5Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը։

ՂՈՒԿ. Գ 1-6
1Տիբերիոս կայսեր իշխանութեան տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը կուսակալ էր Հրէաստանի, եւ Հերովդէսը՝ չորրորդապետ Գալիլիայի, եւ նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետ Իտուրացիների ու Տրաքոնացիների աշխարհի, Լիւսանիասը՝ չորրորդապետ Աբիլենէի, 2եւ Աննայի ու Կայիափայի քահանայապետութեան օրով, Աստծու խօսքը լսելի եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին անապատում։ 3Եւ նա եկաւ Յորդանանի կողմը ապաշխարութեան մկրտութիւն քարոզելու՝ մեղքերի թողութեան համար, 4ինչպէս գրուած է Եսայի մարգարէի պատգամների գրքում.«Անապատում կանչողի ձայնն է. պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, հարթեցէ՛ք Նրա շաւիղները:5Բոլոր ձորերը թո՛ղ լցուեն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհուեն, դժուարին ճանապարհները հեշտ թո՛ղ դառնան, առապարները`հարթ ճանապարհներ.6 եւ ամէն մարդ կտեսնի Աստծո փրկութիւնը»:

Մինչ այժմ եղած պատմությունները դիտվում են որպես Ավետարանի նախապատրաստություններ: Ավետարանի սկիզբը, ինչպես և Մարկոսն է գրում, սկսվում է այն տեղից, երբ Հովհաննեսը, ձեռնարկելով Ավետարանի կարապետության պաշտոնը, հնչեցնում է երկնքի արքայությանը հասնելու, խոստացյալ Մեսիայի հայտնության և փրկագործության խորհուրդն սկսելու ավետիսը: Այդ պաշտոնը կատարելու համար Հովհաննեսը թողեց Հուդայի անապատը և իջավ Հորդանանի եզերքները: Գետի հարավային մասում, Հորդանանի՝ Մեռյալ ծով  թափվելու տեղից բավականին հեռու, արևելյան եզերքին է գտնվում Բեթաբրա կամ Բեթաբարա կոչված գյուղը, որտեղ Հորդանանը մեկ այլ հուն է կազմում: Հովհաննեսն այնտեղ հաստատեց իր կենտրոնը և նորօրինակ քարոզչության սկիզբը դրեց:

Այստեղ Ղուկասը բացառիկ կերպով ճշտում է ժամանակը՝ թվարկելով այն օրերի իշխանների անունները: Նաև ասում է, թե երբ Հովհաննեսն սկսեց քարոզչությունը, Հռոմի կայսրը Տիբերիոսն էր, Հրեաստանի դատավորը՝ Պիղատոս Պոնտացին, Գալիլիայի չորրորդապետը՝ Հերովդես Անտիպասը, Իտուրիայի և Տրաքոնիայի չորրորդապետը՝ Հերովդես Փիլիպպոսը, Աբյուլինիայի չորրորդապետը՝ Լյուսանիոսը: Երուսաղեմի քահանայապետը Աննան և Կայիափան էին: Թեև վերջիններս երկար տարիներ էին պաշտոնավարում, սակայն ոչ մեկի իշխանության ճշգրիտ թվականը հնարավոր չէր լինի բացահայտել, եթե նրանցից գոնե մեկինը որոշված չլիներ: Բերաբախտաբար, Տիբերիոսի տարեթիվը համարվում է «հիսուներորդ տարին»: Հիսուսի կյանքի ժամանակագրությունը կազմելիս այս թվականը հիմնակետ է հանդիսանում բոլոր պատմաբանների համար:
Արդ, Տիբերիոս կայսրը Օգոստոս կայսեր հաջորդեց հռոմեական 767 թվականին, ըստ որի և 15-րդ տարին համընկնում է 782-ին: Սակայն, թե՛ հռոմեացի պատմագիրների թողած թվականներից և թե՛ պատմական բաղդատություններից պարզվում է, որ Տիբերիոսի տարիներն սկսել են հաշվել ոչ թե Օգոստոսին հաջորդելուց, այլ վերջինիս աթոռակից կամ կեսար անվանվելու թվականից, որը տեղի ունեցավ 764-ին: Այս հաշվարկով 15-րդ տարին համընկնում է  Հռոմի 775 թվականին, որն էլ մեր սովորական թվականի 26-րդ և Հիսուսի կյանքի 30-րդ տարին է:
Հպանցիկ հիշենք նաև մյուսներին. Հրեաստանում Հերովդես Մեծին հաջորդած Արքեղայոսը տարագրվեց 759-ին և նրա փոխարեն սկսեցին նշանակվել հռոմեացի դատավորներ կամ կառավարիչներ՝ կենտրոն ունենալով Պաղեստինի Կեսարիան, այժմ՝ Քայսարիե  ծովեզրյա քաղաքը և Երուսաղեմ էին գալիս միայն տոներին: Հաջորդաբար դատավորներ անվանվեցին Կոպոնիոսը՝ 759-ին, Մարկոս Ամբիվիոսը՝ 762-ին, Աննիոս Հռուփոսը՝ 765-ին, Վաղերիոս Պրատոսը՝ 768-ին, որ տաս տարի պաշտոնավարեց և, վերջապես, Պիղատոս Պոնտացին՝ 778-ին: 750-ին պաշտոնի անցավ Հերովդես Անտիպասը և պաշտոնավարեց 42 տարի, մինչև 793 թվականը: Հերովդես Փիլիպպոսը ևս պաշտոնավարեց 37 տարի՝ մինչև 786-ը, իսկ Լյուսիանասի մասին այլ պատմություններից հիշատակություն չունենք: Գալով քահանայապետերին՝ ասենք, որ Աննան քահանայապետ էր 759-ին: 768-ին նրա պաշտոնանկ լինելով՝ քահանայապետերն սկսեցին տարեցտարի փոխվել: 768-ին Փաբեայի որդի Իսմայիլը եղավ, 769-ին՝ Աննայի որդի Եղիազարը, 770-ին՝ Կամիթայի որդի Սիմեոնը և 771-ին՝ Աննայի փեսա Հովսեփ Կայիափան: Այդ փոփոխությունները ինչ-որ ձևով տարեկան քահանայապետության մասին որոշակի պատկերացում տվեցին (ՀՈՎՀ. ԺԱ 49): Թեպետ Կայիափան պաշտոնավարեց մինչև 789 թվականը, սակայն՝ շարունակաբար վերահաստատվելով: Մյուս կողմից, մինչ Կայիափան արտաքին գործերն էր վարում, Աննան դեռ ողջ էր և իր օրինական իրավասությունը չէր կորցրել: Այս պատճառով էլ Ղուկասը, ժամանակի քահանայապետին հիշելիս, միմյանցից չի բաժանում երկուսի անունները:
Հռոմեական 779-ը և մեր թվականի 26-րդ տարին, ըստ ժամանակագիրների, շաբաթական տարի էր, որի ժամանակ ժողովուրդը թողնում էր հողագործական աշխատանքները և զբաղվում առավել օրինական ու բարոյական գործերով (ՂԵՎՏ. ԽԵ 10): Այդ պարագան շատ հարմար էր Հովհաննու պաշտոնի սկզբնավորման համար, երբ 775 թվականի ամռանը, 30-րդ տարին բոլորած, իբրև նոր մարգարե, իր քարոզչությունն սկսեց Հորդանանի գետեզրյա երկրներում: Հովհաննեսի քարոզչության նպատակն էր ժողովրդին ավետել երկնքի արքայության մոտենալը, նախապատրաստության կոչելը և ապաշխարության հորդորելը: Նա մեծ ընդունելություն գտավ: Համբավը տարածվեց ամենուր: Բոլոր կողմերից՝ Երուսաղեմից, Հրեաստանից, Գալիլիայից  և Հորդանանի շրջակա գավառներից նրա մոտ էին գալիս մարդիկ: Ովքեր լսում և հավատում էին Հովհաննեսի խոսքերին, ապաշխարության համար խոստովանում էին իրենց մեղքերը. «Խոստովան լինէին զմեղս իւրեանց»: Հովհաննեսը նրանց մկրտում էր Բեթաբրայի հունի մեջ՝  ապաշխարության, մկրտության, մեղքերի թողության համար:

Ավետարանիչները, փոխադարձ համաձայնությամբ, նաև Հովհաննու պաշտոնի մեկնությունն են տալիս: Իբր թե նրա խոսքը մարգարեների կողմից գուշակված Մեսիայի նախաշավղի և ուղեցույց եղող Աստվածային կարապետի ձայնն էր, որ սկսել էր հնչել անապատում: Այս մասին Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը միանման կերպով մեջ են բերում Եսայու խոսքերը. «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը և հարթեցեք Տեր Աստուծո շավիղները» (Ես. Խ. 3): Շարունակելով, Ղուկասն ավելացնում է նաև հետևյալ խոսքերը. «Բոլոր ձորեը պիտի լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցծրանան, դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան և առապարները՝ դաշտեր: Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստուծո փրկությունը, քանզի Տերը խոսեց» (Ես. Խ. 4-5): Իսկ Մարկոսը Եսայու մարգարեությանն է կցում Մաղաքիայի խոսքերը ևս. «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և նա կտեսնի իմ ճանապարհները իմ առաջ» (Մաղաք. Գ. 1):

No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...