Monday 17 March 2014

24. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՄԱՏԹ. Գ. 11-12
1Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա, 12որի քամհարը իր ձեռքում է, եւ կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում եւ յարդը կ՚այրի անշէջ կրակով»։

ՄԱՐԿ. Ա. 7-8
 7Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար։ 8Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»։

ՂՈՒԿ. Գ. 15-18
15Ժողովուրդը սպասման մէջ էր, եւ բոլորն իրենց սրտում Յովհաննէսի մասին հարց էին տալիս, թէ՝ միթէ սա՞ է Քրիստոսը։ 16Նա պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից աւելի զօրաւորը, որի կօշիկները հանելու արժանի չեմ ես. նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով եւ հրով. 17նրա քամհարը իր ձեռքում է՝ մաքրելու իր կալը, հաւաքելու ցորենը իր շտեմարանում, իսկ յարդը կ՚այրի անշէջ կրակով»։ 18Նա շատ ուրիշ մխիթարիչ խօսքերով բարի լուրն էր աւետում ժողովրդին։


Հովհաննես Մկրտիչը կարճ ժամանակում մեծ համբավ ձեռք բերեց: Իր քարոզներն ունկնդրած և իր ձեռքով մկրտվածներն սփռվեցին ողջ Հրեաստանով մեկ: Նոր և մեծ երևույթը հուզեց ամենքին: Նրանք այլ բացատրություն չէին կարողանում տալ, բացի այն, որ Հովհաննեսն ինքն է խոստացյալ Մեսիան: Ակնկալված Մեսիայի մոտալուտ հայտնության համոզմունքը տիրել էր բոլորին, քանի որ ամենքին հայտնի էր Դանիելի մարգարեությունը և նրա յոթանասուն յոթնյակները (ԴԱՆ.Թ. 24): Մյուս կողմից, Հովհաննեսը` որպես անձնավորություն, իր ծննդից սկսյալ, հրաշալի արարքներ էր կատարել: Հետևաբար, հետզհետե ընդհանրանում էր Հովհաննեսի նկատմամբ դրսևորված կասկածը, թե «Մի՞թե Սա իցէ Քրիստոս»:

  Հովհաննեսը չկամեցավ ժողովրդին այդ թյուր ենթադրությունների մեջ թողնել: Ուստի, սկսեց բացարձակորեն հայտարարել, թե. «Ես ձեր կարծեցյալ խոստացված Մեսիան չեմ. Նա ուրիշ է. ինձանից հետո է հայտնվելու. Նա ինձանից բարձր է և ավելին կարող է անել: Այնպես որ ես հազիվ արժանի լինեմ Նրա կոշիկները վերցնելու կամ կապերն արձակող ծառան կոչվելու: Իմ կատարած մկրտությունը զուտ ջրի արտաքին մկրտություն է: Իսկ Նրա տալիք մկրտությունը Սուրբ Հոգու ներքին մկրտությունն է, որ կրակի պես սրբում է ամեն մի աղտ: Իմ պաշտոնը ձեզ ապաշխարության հրավիրելն  է, որպեսզի Նրա հայտնվելու ժամանակ պատրաստ լինեք. Նա գալու է հզոր կալատիրոջ նման, եղանը ձեռքին` կալը մաքրելու և խառնուրդ դեզն էրնելու համար: Ցորենը պիտի զատի հարդից, բարիներին առանձնացնի չարերից, ցորենը պետք է լցնի իր շտեմարանը, իսկ հարդը կրակին է տալու` մի կրակ, որ անմար է»:

 Հովհաննեսի խոսքերը խիստ էին և ահարկու: Սակայն, նա կարողանում էր նաև դրանք քաղցրացնել, որպեսզի ժողովուրդը չփախչի, այլ ապաշխարության գնա: Հետևաբար, սպառնալիքի խոսքերը համեմում էր մխիթարական ավետիսներով և բացատրում փրկագործության մեծ խորհուրդը:

No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...