Tuesday 4 March 2014

18. ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԶԱՐԵԹՈՒՄ


Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՄԱՏԹ. Բ 22-23
Իսկ երբ լսեց, թէ Արքեղայոսը թագաւորել է Հրէաստանի վրայ իր հօր՝ Հերովդէսի փոխարէն, վախեցաւ այնտեղ գնալ. եւ երազի մէջ հրաման առնելով՝ գնաց Գալիլիայի կողմերը եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի։

ՂՈՒԿ. Բ 39-40
Եւ երբ տօնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Յիսուսը մնաց Երուսաղէմում, եւ նրա ծնողները այդ չիմացան: Կարծում էին, թէ նա իրենց ուղեկիցների հետ է. մի օրուայ չափ ճանապարհ եկան եւ նրան փնտռեցին ազգականների ու ծանօթների մէջ։

Հերովդեսից հետո Հրեաստանը բաժանվեց չորս մասի՝ Հրեաստան, Գալիլիա, Իտուրիա և Աբյուլինիա: Առաջին երեքին իշխեցին Հերովդեսի զավակներից Արքեղայոսը, Անտիպասը և Փիլիպպոսը, որոնք նաև Հերովդես անունն էին իրենց անվանը կցել: Նազարեթը, ուր գնալու էր Հովսեփը, Գալիլիայում էր, Հերովդես Անտիպասի իշխանության տակ, և մինչ Հովսեփը խուսափում էր Արքեղայոսի իշխանությունից, Անտիպասի իշխանության վրա ավելի վստահություն էր ցուցաբերում, քանի որ, չնայած նա շվայտության և պղծության հետևող մարդ էր, բայց չար բռնապետի անուն չուներ: Նազարեթում Հովսեփն արդեն տուն ու տեղ ուներ, և չնայած Բեթղեհեմ էր տեղափոխվել, Նազարեթում ունեցածը ձեռքից բաց չէր թողել և հեշտությամբ վերադարձավ ու  տեղավորվեց իր տանը՝ տարուց պակաս ժամանակ այնտեղից հեռանալուց, Բեթղեհեմում և Եգիպտոսում  պանդխտելուց և բավական դժվարություններով լեցուն ժամանակ անցկացնելուց հետո, բայց նաև վայելելով այդ ընթացքում Հիսուսի ծննդյան և սքանչելի հայտնությունների և երկնային մխիթարությունների ուրախությունները:

Նազարեթում նորից մնայուն բնակություն հաստատելու մասին Ղուկասն էլ է գրում՝ հիշելով այդ մասին քառասնօրյա տաճար ընծայվելուց անմիջապես հետո: Սակայն, քանի որ Եգիպտոսի միջադեպը չի հիշում, բնական է, որ ընծայումը և Նազարեթ գնալն իրար ետևից պատմեր: Հիսուսի մանկությունը, առաջին տարուց մինչև 12 տարին լրանալը անցավ Նազարեթում, տղաների սովորական պայմանների նման:

Ղուկասը գրում է, որ Հիսուս մանուկը մեծանում էր և իմաստությամբ փայլում՝ Աստծու շնորհների հայտնի նշանները ցույց տալով, այսինքն՝ ուրիշ տղաներից տարբեր առավելություններ էր ցույց տալիս, և բոլորի աչքին կանխահաս իմաստության և զարգացման նշաններ էր ի հայտ բերում: Թե Հիսուս դաստիարակության և ուսման հետևեց՝ հայտնի բան գրված չկա, բայց դա որպես ստույգ բան պետք է ընդունել: Եվ իրոք, Հիսուսի համար մի տեղ գրված է, թե զարմանային հրեայքն և ասէին, զիարդ զԳիրս գիտէ սա, զի ուսեալ բնաւ չիք (Հովհ. Է 15): Բայց այդ չի ասում, թե կարդալ-գրել չի սովորել, քանի որ ոչ ոք չէր զարմանում, երբ ժողովարանում մարգարեական գրքերն էր կարդում, այլ զարմանում էին միայն, թե ինչպես Հիսուս դպիրների և օրինականների պես գիտնական դասակարգից չլինելով, խորունկ և կատարելապես տեղյակ էր Ս. Գրքին: Մյուս կողմից, երբ տեսնում ենք, որ Հիսուսի կյանքը ծնունդից սկսած մարդկային բնության օրենքների համեմատ ընթացավ, կարիք չկա ասելու, թե մարդկային հանգամանքներն էլ առանց մարդկային դաստիարակության ստացավ, և ամեն ինչ միայն աստվածային կարողությամբ ունեցավ: Այլ է, երբ խոսքը վերաբերում է այնպիսի բաների, որոնք վեր են մարդկային կարողությունից և միայն աստվածային կարողությանն են վերաբերում և փրկագործական տնօրինություններին են պատկանում: 

No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...