Monday 9 June 2014

25. ՀԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:


ՄԱՏԹ. Գ. 13-17
13Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու։ 14Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»։ 15Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»։ Եւ ապա նրան թոյլ տուեց։ 16Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ։17Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»։ 
ՄԱՐԿ. Ա. 9-11
9Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում։ 10Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը՝ պատռուած, եւ Աստծու Հոգին, որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ։ 11Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»։
ՂՈՒԿ. Գ. 21-22
Եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսքով, որպէս աղաւնի իջաւ նրա վրայ. եւ երկնքից ձայն եկաւ, որ ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»։
Մոտ վեց ամիս էր, ինչ Հիսուս Հորդանանի եզերքներին Իր կարապետության պաշտոնն էր վարում: Լրանում էր Հռոմեական 779 և մեր թվականության 26-րդ տարվա առաջին կեսը: Լրանում էր նաև Հիսուսի երեսուներորդ տարին, որով և պիտի բացվեր Նրա հրապարակային կյանքի ասպարեզը: Հովհաննեսի ունեցած համբավը առիթ էր՝ պատրաստելու Հիսուսի հայտնությունը, որովհետև, Աստվածային նախախնամությամբ,  տնօրինական բոլոր պարագաները պետք է մարդկային կյանքի պահանջների հետ համաքայլ ընթանային: Իսկ Հիսուսի հայտնությունը պետք է սկսվեր աննշմարելի նախապատրաստություններով: Հիսուս, դուրս գալով Նազարեթից, Գալիլիայից անցնելով Սամարա և ապա հարավային Հրեաստան, հասավ Հորդանանի եզերքը՝ Բեթաբրայի կողմերը, ուր Հովհաննեսի կենտրոնն էր և որտեղ կատարվել էին Հին Օրինաց սքանչելիքները, այսինքն՝ երբ Հեսուն առաջնոդեց հրեաներին և չոր ոտքերով անցան Հորդանանը  (ՀԵՍ. Գ. 16), ինչպես նաև Եղիայի վերարկուի շնորհիվ գետի ջրերի երկու մասի բաժանվելը (Դ. ԹԱԳ. Բ. 8):

Երբ հավաքված բազմությունից շատերը, դիմելով Հովհաննեսին, հանել էին զգեստները և մտել Հորդանանը, իբրև նրանցից մեկը, Հիսուս ևս մոտեցավ: Բայց Հովհաննեսը, անշուշտ, Սուրբ Հոգու ազդեցությամբ, ճանաչեց Նրան: Թեև Եղիսաբեթի և Մարիամի զավակները` որպես ազգակից թոռնորդիներ, սկզբնական շրջանում միմյանց ճանաչում էին, սակայն բավականին ժամանակ էր, ինչ Հովհաննեսը Հուդայի անապատում էր, իսկ Հիսուս՝ Գալիլիայի Նազարեթում: Նրանք ապրում էին միմյանց չտեսնելով: Շատ քիչ ժամանակ էր անցել այն պահից, երբ Հովհաննեսը հայտնել էր Հիսուսի մեծությունը: Սակայն երբ տեսավ, որ Հիսուս ևս, մի սովորական մարդու նման, կամենում էր մկրտվել, չկարողացավ զսպել իրեն, անհարմար զգաց: «Ես,-ասաց,-պետք է քեզանից մկրտություն ընդունեմ. դու ինչպե՞ս ես իմ կողմից մկրտվել ուզում»: Հիսուս չհերքեց Հովհաննեսի խոսքերը, այլ ասաց. «Որքան էլ քո ասածը ճշմարիտ է, այնուամենայնիվ, աստվածային տնօրինությամբ կարգադրված է, որ պետք է իրականանա մարդկանց համար օրենք ու արդարություն կարծվածը: Ուստի, դու կատարի՛ր քո գործը»: Հիսուս կամենում էր ասել, թե դեռևս Իր վարդապետությունը չսկսած, ըստ մարդկային կարգ ու կանոնի, պետք է անցկացնի աշակերտության շրջանը: Հովհաննեսը, անսալով Հիսուսի հրամանին, Բեթաբրայի հունի մեջ մկրտեց Նրան:
Շատ նկարիչներ Հիսուսի պատկերում են մինչև գարշապարը ջրի մեջ սուզված, իսկ Հովհաննեսին՝ փոքրիկ ամանով կամ ոստրեի խեցիով Հիսուսի գլխին ջուր լցնելիս: Բայց սա իրականությունը չէ: Մկրտվողն ամբողջությամբ պետք է ջուրը մտներ և ջրի մեջ պիտի մխրճեր նաև գլուխը: Իսկ մկրտչի դերը կայանում էր մկրտվողի գլուխը ջրում սուզել և հանելու մեջ:
Հիսուսի մկրտությունը երկնային երկու համատեղ նշաններ ևս ունեցավ: Նախ՝ Հայր Աստվածն ի վերուստ երկնային ձայնով վկայեց. «Դու ես Որդի Իմ սիրելի, ընդ քեզ հաճեցայ», որը, ըստ Մատթեոսի, պատմաբանորեն հիշատակված է հետևյալ կերպ. «Դա է Որդի Իմ սիրելի, ընդ որ հաճեցայ»: Իսկ բացված երկնքից մարմնացած երևաց Սուրբ Հոգի Աստված, իջավ աղավնակերպ և նստեց Հիսուսի վրա, որ էր ճշմարիտ Որդի Աստված: Այս հայտնությամբ, ինչպես և Ավետարանի սկզբում, բացատրվում էր Երրորդության կամ Երեքանձնյա Աստվածության խորհուրդը, որը նաև շատ գեղեցիկ կերպով մեկնում են բոլոր Սուրբ Հայրերը:

Այդ տեսիլքը Մարկոսը ներկայացնում է որպես Հիսուսի կողմից տեսնված՝ գրելով, թե «Ետես ցելեալ զերկինս»: Սա Մկրտիչը հաստատում է, ասելով. «Եւ ես տեսի» (ՀՈՎՀ. Ա. 34): Արդյո՞ք հավաքված ժողովուրդը կամ նրանցից ոմանք ևս տեսան այդ տեսիլքը, դժվար է ասել, քանի որ ավետարանիչներն այդ մասին լռում են: Ոչ էլ որևէ ակնարկություն կա, թե նորահրաշ տեսիլքն ու ձայնը զարմանք կամ սոսկում առաջացրին ներկաների մոտ: Հետևաբար մեկնիչներն ավելի նպատակահարմար են գտնում կարծել, թե տեսիլքը սահմանված էր Հովհաննու հավատքը Հիսուսի նկատմամբ էլ ավելի ամրապնդելու համար, որպեսզի ինքը ևս կարողանա համարձակորեն ժողովրդի առջև Հիսուսի վերաբերյալ վկայություն տալ: 

1 comment:

  1. Wynn Resorts Casino in Las Vegas, Nevada | DrMCD
    Find details 서울특별 출장안마 about Wynn Resorts Casino, including opening hours, 거제 출장샵 day times, gaming floor, Wynn 포천 출장마사지 Macau, Macau, Encore Boston Harbor, Encore 하남 출장안마 Boston 광주광역 출장샵 Harbor.

    ReplyDelete

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...