Monday 17 March 2014

24. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՄԱՏԹ. Գ. 11-12
1Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա, 12որի քամհարը իր ձեռքում է, եւ կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում եւ յարդը կ՚այրի անշէջ կրակով»։

ՄԱՐԿ. Ա. 7-8
 7Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար։ 8Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»։

ՂՈՒԿ. Գ. 15-18
15Ժողովուրդը սպասման մէջ էր, եւ բոլորն իրենց սրտում Յովհաննէսի մասին հարց էին տալիս, թէ՝ միթէ սա՞ է Քրիստոսը։ 16Նա պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից աւելի զօրաւորը, որի կօշիկները հանելու արժանի չեմ ես. նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով եւ հրով. 17նրա քամհարը իր ձեռքում է՝ մաքրելու իր կալը, հաւաքելու ցորենը իր շտեմարանում, իսկ յարդը կ՚այրի անշէջ կրակով»։ 18Նա շատ ուրիշ մխիթարիչ խօսքերով բարի լուրն էր աւետում ժողովրդին։


Հովհաննես Մկրտիչը կարճ ժամանակում մեծ համբավ ձեռք բերեց: Իր քարոզներն ունկնդրած և իր ձեռքով մկրտվածներն սփռվեցին ողջ Հրեաստանով մեկ: Նոր և մեծ երևույթը հուզեց ամենքին: Նրանք այլ բացատրություն չէին կարողանում տալ, բացի այն, որ Հովհաննեսն ինքն է խոստացյալ Մեսիան: Ակնկալված Մեսիայի մոտալուտ հայտնության համոզմունքը տիրել էր բոլորին, քանի որ ամենքին հայտնի էր Դանիելի մարգարեությունը և նրա յոթանասուն յոթնյակները (ԴԱՆ.Թ. 24): Մյուս կողմից, Հովհաննեսը` որպես անձնավորություն, իր ծննդից սկսյալ, հրաշալի արարքներ էր կատարել: Հետևաբար, հետզհետե ընդհանրանում էր Հովհաննեսի նկատմամբ դրսևորված կասկածը, թե «Մի՞թե Սա իցէ Քրիստոս»:

23. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՄԱՏԹ. Գ. 7-10
7Եւ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից։ 8Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք. 9եւ մի՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել. 10որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած։ Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում։

ՂՈՒԿ. Գ 7-14

7Եւ այն ժողովրդին, որ եկել էր իրենից մկրտուելու, ասում էր. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել բարկութիւնից, որ գալու է։8Այսուհետեւ ապաշխարութեան արժանի պտուղներ տուէ՛ք եւ մի՛ սկսէք ասել, թէ Աբրահամին ունենք իբրեւ հայր. այս ասեմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից անգամ դուրս բերել Աբրահամի որդիներ։ 9Բայց ահաւասիկ կացինը ծառերի արմատի վրայ է. ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում»։10Ժողովուրդը նրան հարցնում էր եւ ասում. «Իսկ արդ, ի՞նչ պիտի անենք»։ 11Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ով որ երկու զգեստ ունի, մէկը թող տայ նրան, որ չունի, եւ ով որ ուտելիք ունի, նոյն ձեւով թող անի»։ 12Մաքսաւորներն էլ եկան մկրտուելու եւ հարցրին նրան. «Վարդապե՛տ, մե՛նք ինչ անենք»։ 13Նա ասաց նրանց. «Ձեզ հրամայուածներից աւելին մի՛ վերցրէք»։ 14Զինուորները նոյնպէս հարցնում էին նրան. «Իսկ մե՛նք ինչ անենք»։ Նա ասաց նրանց. «Ոչ ոքի մի՛ նեղէք, ոչ ոքի մի՛ զրպարտէք, ձեր ռոճիկը թող ձեզ բաւարար լինի»։

Հովհաննեսի քարոզություններց, թե ինչպես էր զրուցում ժողովրդի կամ ինչ ոճով էր խոսում իրեն դիմողների հետ, մեզ քաղվածքներ են տալիս Ավետարանիչները: Սակայն ամեն ինչում դժվար չէ տեսնել այն խստակրոն անապատականին, որ ո՛չ հանդիմանություն էր խնայում  և ո՛չ էլ քաշվում էր կծու ճշմարտություններն ասելիս:

Friday 14 March 2014

22. ԱՎԵՏԱՐԱՆԻ ՍԿԻԶԲԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՄԱՏԹ. Գ. 1-3 և 5-6
1Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում. 2«Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 3Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները:

5Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, 6մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը։

ՄԱՐԿ. Ա 1-5
1Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը։ 2Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում. «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»։ 3Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»։ 4Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար։ 5Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը։

ՂՈՒԿ. Գ 1-6
1Տիբերիոս կայսեր իշխանութեան տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը կուսակալ էր Հրէաստանի, եւ Հերովդէսը՝ չորրորդապետ Գալիլիայի, եւ նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետ Իտուրացիների ու Տրաքոնացիների աշխարհի, Լիւսանիասը՝ չորրորդապետ Աբիլենէի, 2եւ Աննայի ու Կայիափայի քահանայապետութեան օրով, Աստծու խօսքը լսելի եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին անապատում։ 3Եւ նա եկաւ Յորդանանի կողմը ապաշխարութեան մկրտութիւն քարոզելու՝ մեղքերի թողութեան համար, 4ինչպէս գրուած է Եսայի մարգարէի պատգամների գրքում.«Անապատում կանչողի ձայնն է. պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, հարթեցէ՛ք Նրա շաւիղները:5Բոլոր ձորերը թո՛ղ լցուեն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհուեն, դժուարին ճանապարհները հեշտ թո՛ղ դառնան, առապարները`հարթ ճանապարհներ.6 եւ ամէն մարդ կտեսնի Աստծո փրկութիւնը»:

Մինչ այժմ եղած պատմությունները դիտվում են որպես Ավետարանի նախապատրաստություններ: Ավետարանի սկիզբը, ինչպես և Մարկոսն է գրում, սկսվում է այն տեղից, երբ Հովհաննեսը, ձեռնարկելով Ավետարանի կարապետության պաշտոնը, հնչեցնում է երկնքի արքայությանը հասնելու, խոստացյալ Մեսիայի հայտնության և փրկագործության խորհուրդն սկսելու ավետիսը: Այդ պաշտոնը կատարելու համար Հովհաննեսը թողեց Հուդայի անապատը և իջավ Հորդանանի եզերքները: Գետի հարավային մասում, Հորդանանի՝ Մեռյալ ծով  թափվելու տեղից բավականին հեռու, արևելյան եզերքին է գտնվում Բեթաբրա կամ Բեթաբարա կոչված գյուղը, որտեղ Հորդանանը մեկ այլ հուն է կազմում: Հովհաննեսն այնտեղ հաստատեց իր կենտրոնը և նորօրինակ քարոզչության սկիզբը դրեց:

21. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԿՅԱՆՔԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՂՈՒԿԱՍ. Ա. 80
80 Եւ մանուկը աճում ու զօրանում էր հոգով եւ մնում էր ամայի տեղերում, մինչեւ Իսրայէլում նրա երեւալու օրը:

Հովհաննեսը ևս, իր կարապետության պաշտոնը ստանձնելուց  և քարոզչություն ստանձնելուց առաջ, երեսուն տարի ապրեց առանձնական կյանքով: Ծնողներն արդեն ծեր էին և հավանաբար իր ծնվելուց հետո երկար չեն ապրել:  Հետևաբար, Հովհաննեսն ընտանեկան կյանք չի ունեցել: Այդ մասին բացհայտորեն ակնարկում է Ղուկասը, երբ հիշատակում է նրա ի սկզբանե, մանկության իսկ տարիներից անապատականի կյանք ունենալը. «Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով և մնում էր ամայի տեղերում»: Հովհաննեսի վաղօրոք անապատ քաշվելու պատճառը կամ շարժառիթը որևէ մի տեղ գրված չէ: Ոմանք կարծեցին, թե Բեթղեհեմի մանկանց հետ կատարվածի առիթով Հովհաննեսի ծնողներն իրենց որդուն Քեբրոնից մոտակա անապատը փախցրին, ոչ թե լոկ տեղի մոտիկության, այլև իրենց զավակի սքանչելի ծննդյան, նշանավոր անձ լինելու պատճառով, նախանձի առարկա չդառնալու համար:

Tuesday 11 March 2014

20. ՀԻՍՈՒՍԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՄԱՏԹ. Բ 23
Եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի։ 

Հիսուսի 13  տարեկանում տաճարում պատահած դեպքերից մինչև 30 տարեկանը՝ մկրտվելը և քարոզության սկսվելը, Ավետարանները ոչինչ չեն պատմում, չնայած որ 18 տարվա տևողությունը որևէ մեկի կյանքի համար բավական նշանակալի ժամանակ է, սակայն Հիսուսի կյանքի համար այն անցնում է աննշան:
Այդ փաստին ուրիշ մեկնություն չկա, բացի այն ընդհանուր սկզբունքից, որ ընդունված է բոլոր ազգերի մեջ և նույնիսկ մեր ժամանակներում էլ, թե գործը սկսելու համար 30 տարեկան է պետք լինել: Այդ սկզբունքը հրեաներն էլ ունեին, և Հիսուսը, իր մարդկային խորհրդի բոլոր պահանջները հանձն առնելով, այդ պայմանն էլ հարգեց  և մինչև երեսուն տարին չլրացած իր գործունեությունը չսկսեց:

Friday 7 March 2014

19. ՀԻՍՈՒՍ ՄԱՆՈՒԿԻ ՎԱՐԴԱՊԵՏԵԼԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՂՈՒԿ. Բ 41-49
Ու երբ չգտան, Երուսաղէմ վերադարձան՝ նրան փնտռելու համար։ 42Եւ երեք օր յետոյ նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ նա լսում էր նրանց եւ հարցեր էր տալիս։43Եւ բոլորը, որ նրան լսում էին, զարմանում էին նրա իմաստութեան եւ պատասխանների վրայ։ 44Երբ ծնողները նրան տեսան, հիացան. իսկ մայրը նրան ասաց. «Որդի՛, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահաւասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտռում»։ 45Եւ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտռում, չգիտէի՞ք, թէ ես Հօրս տանը պէտք է լինեմ»։ 46Բայց նրանք չհասկացան այն խօսքը, որ նա իրենց ասաց։ 47Եւ Յիսուս նրանց հետ իջաւ ու Նազարէթ գնաց. եւ նա հնազանդ էր նրանց։ Եւ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում։ 48Իսկ Յիսուս զարգանում էր իմաստութեամբ, հասակով եւ շնորհով Աստծու ու մարդկանց առջեւ։ 

Հիսուսի անձնական կյանքի առաջին մասից Ղուկասը հիշում է մի դեպք, այդքանով բավարարվելով ապացուցելու համար Հիսուս Մանուկի աստվածային վեհությունը:
Ամեն հրեայի համար օրենք էր զատիկը  կատարել գառնակերությամբ և բաղարջակերությամբ, և ամեն բարեպաշտ հրեայի համար էլ օրենք էր զատկական զոհ մատուցելը, իսկ զոհի համար էլ անհրաժեշտ էր Երուսաղեմ գնալ, քանի որ տաճարից դուրս զոհ մատուցելը օրենք չէր (Բ Օր. ԺԶ 16):