Showing posts with label Մարկոս. Show all posts
Showing posts with label Մարկոս. Show all posts

Monday, 17 March 2014

24. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՄԱՏԹ. Գ. 11-12
1Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա, 12որի քամհարը իր ձեռքում է, եւ կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում եւ յարդը կ՚այրի անշէջ կրակով»։

ՄԱՐԿ. Ա. 7-8
 7Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար։ 8Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»։

ՂՈՒԿ. Գ. 15-18
15Ժողովուրդը սպասման մէջ էր, եւ բոլորն իրենց սրտում Յովհաննէսի մասին հարց էին տալիս, թէ՝ միթէ սա՞ է Քրիստոսը։ 16Նա պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից աւելի զօրաւորը, որի կօշիկները հանելու արժանի չեմ ես. նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով եւ հրով. 17նրա քամհարը իր ձեռքում է՝ մաքրելու իր կալը, հաւաքելու ցորենը իր շտեմարանում, իսկ յարդը կ՚այրի անշէջ կրակով»։ 18Նա շատ ուրիշ մխիթարիչ խօսքերով բարի լուրն էր աւետում ժողովրդին։


Հովհաննես Մկրտիչը կարճ ժամանակում մեծ համբավ ձեռք բերեց: Իր քարոզներն ունկնդրած և իր ձեռքով մկրտվածներն սփռվեցին ողջ Հրեաստանով մեկ: Նոր և մեծ երևույթը հուզեց ամենքին: Նրանք այլ բացատրություն չէին կարողանում տալ, բացի այն, որ Հովհաննեսն ինքն է խոստացյալ Մեսիան: Ակնկալված Մեսիայի մոտալուտ հայտնության համոզմունքը տիրել էր բոլորին, քանի որ ամենքին հայտնի էր Դանիելի մարգարեությունը և նրա յոթանասուն յոթնյակները (ԴԱՆ.Թ. 24): Մյուս կողմից, Հովհաննեսը` որպես անձնավորություն, իր ծննդից սկսյալ, հրաշալի արարքներ էր կատարել: Հետևաբար, հետզհետե ընդհանրանում էր Հովհաննեսի նկատմամբ դրսևորված կասկածը, թե «Մի՞թե Սա իցէ Քրիստոս»:

Friday, 14 March 2014

22. ԱՎԵՏԱՐԱՆԻ ՍԿԻԶԲԸ

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՄԱՏԹ. Գ. 1-3 և 5-6
1Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում. 2«Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 3Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները:

5Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, 6մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը։

ՄԱՐԿ. Ա 1-5
1Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը։ 2Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում. «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»։ 3Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»։ 4Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար։ 5Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը։

ՂՈՒԿ. Գ 1-6
1Տիբերիոս կայսեր իշխանութեան տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը կուսակալ էր Հրէաստանի, եւ Հերովդէսը՝ չորրորդապետ Գալիլիայի, եւ նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետ Իտուրացիների ու Տրաքոնացիների աշխարհի, Լիւսանիասը՝ չորրորդապետ Աբիլենէի, 2եւ Աննայի ու Կայիափայի քահանայապետութեան օրով, Աստծու խօսքը լսելի եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին անապատում։ 3Եւ նա եկաւ Յորդանանի կողմը ապաշխարութեան մկրտութիւն քարոզելու՝ մեղքերի թողութեան համար, 4ինչպէս գրուած է Եսայի մարգարէի պատգամների գրքում.«Անապատում կանչողի ձայնն է. պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, հարթեցէ՛ք Նրա շաւիղները:5Բոլոր ձորերը թո՛ղ լցուեն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհուեն, դժուարին ճանապարհները հեշտ թո՛ղ դառնան, առապարները`հարթ ճանապարհներ.6 եւ ամէն մարդ կտեսնի Աստծո փրկութիւնը»:

Մինչ այժմ եղած պատմությունները դիտվում են որպես Ավետարանի նախապատրաստություններ: Ավետարանի սկիզբը, ինչպես և Մարկոսն է գրում, սկսվում է այն տեղից, երբ Հովհաննեսը, ձեռնարկելով Ավետարանի կարապետության պաշտոնը, հնչեցնում է երկնքի արքայությանը հասնելու, խոստացյալ Մեսիայի հայտնության և փրկագործության խորհուրդն սկսելու ավետիսը: Այդ պաշտոնը կատարելու համար Հովհաննեսը թողեց Հուդայի անապատը և իջավ Հորդանանի եզերքները: Գետի հարավային մասում, Հորդանանի՝ Մեռյալ ծով  թափվելու տեղից բավականին հեռու, արևելյան եզերքին է գտնվում Բեթաբրա կամ Բեթաբարա կոչված գյուղը, որտեղ Հորդանանը մեկ այլ հուն է կազմում: Հովհաննեսն այնտեղ հաստատեց իր կենտրոնը և նորօրինակ քարոզչության սկիզբը դրեց: