Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՄԱՏԹ.
Բ 22-23
Իսկ երբ լսեց, թէ Արքեղայոսը թագաւորել է Հրէաստանի վրայ իր հօր՝ Հերովդէսի փոխարէն, վախեցաւ այնտեղ գնալ. եւ երազի մէջ հրաման առնելով՝ գնաց Գալիլիայի կողմերը
եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի։
ՂՈՒԿ.
Բ 39-40
Եւ երբ տօնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Յիսուսը մնաց Երուսաղէմում, եւ նրա ծնողները այդ չիմացան: Կարծում էին, թէ նա իրենց ուղեկիցների հետ է. մի օրուայ չափ ճանապարհ եկան եւ նրան փնտռեցին ազգականների ու ծանօթների մէջ։
Հերովդեսից
հետո Հրեաստանը բաժանվեց չորս մասի՝ Հրեաստան, Գալիլիա, Իտուրիա և Աբյուլինիա:
Առաջին երեքին իշխեցին Հերովդեսի զավակներից Արքեղայոսը, Անտիպասը և Փիլիպպոսը,
որոնք նաև Հերովդես անունն էին իրենց անվանը կցել: Նազարեթը, ուր գնալու էր
Հովսեփը, Գալիլիայում էր, Հերովդես Անտիպասի իշխանության տակ, և մինչ Հովսեփը
խուսափում էր Արքեղայոսի իշխանությունից, Անտիպասի իշխանության վրա ավելի
վստահություն էր ցուցաբերում, քանի որ, չնայած նա շվայտության և պղծության հետևող
մարդ էր, բայց չար բռնապետի անուն չուներ: Նազարեթում Հովսեփն արդեն տուն ու տեղ
ուներ, և չնայած Բեթղեհեմ էր տեղափոխվել, Նազարեթում ունեցածը ձեռքից բաց չէր
թողել և հեշտությամբ վերադարձավ ու
տեղավորվեց իր տանը՝ տարուց պակաս ժամանակ այնտեղից հեռանալուց,
Բեթղեհեմում և Եգիպտոսում պանդխտելուց և
բավական դժվարություններով լեցուն ժամանակ անցկացնելուց հետո, բայց նաև վայելելով
այդ ընթացքում Հիսուսի ծննդյան և սքանչելի հայտնությունների և երկնային
մխիթարությունների ուրախությունները:
